Home / Տեսանյութեր / ՀՀ կառավարությունը հրաժարվեց «Հայփոստից»․ դրան կողմ էր միայն ՀՀԿ֊ն

ՀՀ կառավարությունը հրաժարվեց «Հայփոստից»․ դրան կողմ էր միայն ՀՀԿ֊ն

Կողմ՝ 61, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 16 ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հավանություն է տվել «Հայփոստ» ընկերության մասնավորեցման մասին օրենքի նախագծին, որը ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից:

Օրինագծին դեմ էին «Ժառանգություն», ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ խմբակցությունները, ձեռնպահ՝ ԲՀԿ-ն, կողմ՝ ՀՀԿ-ն:

Քվեարկությունից առաջ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հորդորել է դեմ քվեարկել «Հայփոստի» օտարման նախագծին՝ նկատելով, որ նոր սեփականատերը, հնարավոր է, այլևս հրաժարվի հաշվետվություն տալ ԱԺ-ին: Որպես օրինակ նա նշել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն էլ ավելացրել է. «Մեզ համար անընդունելի է, որ ռազմավարական կարևորություն ունեցող ընկերությունները մասնավորեցվեն»:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում ասել է, որ «Հայփոստ»-ի վաճառքը կհանգեցնի փոստային ծառայությունների սակագների բարձրացմանը, ինչպես նաև վտանգավոր է ռազմավարական տեսակետից:

2006թ.-ին «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությանը: 2012թ.-ին ՀՀ կառավարության և նշված ընկերության միջև կնքվել է նոր պայմանագիր, որով հավատարմագրային կառավարման ժամկետը երկարացվել է մինչև 2016 թվականի դեկտեմբեր: Նախատեսվում է, որ «Հայփոստը» մասնավորեցնելու է Էռնեկյանի ընկերությունը։