Home / Հայաստան / Իրավապաշտպանն առաջարկում է ՀՌԱՀ նախագահին ազատման դիմում գրել

Իրավապաշտպանն առաջարկում է ՀՌԱՀ նախագահին ազատման դիմում գրել

Եթե հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը բոլոր նորությունների թվում չի կարևորում Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում արդեն 10 օրից ավել կազմակերպվող նստացույցերի լուսաբանումը, դեռ նույնիսկ մտածում է, թե արդյոք կարևոր է, թե ոչ դրանց լուսաբանումը և դրանց վերաբերյալ տեղեկացումը ՀՀ քաղաքացիներին, ապա այդ նախագահը բացարձակապես կոմպետենտ չի, ունի զրո հասկացություն իր պարտավորությունների և ընդհանրապես լրատվության մասին: Այս մասին «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

«2. կամ շատ լավ էլ գիտի, ուղղակի իրեն դրսևորում է հայտնի կենդանու վարքագծին համապատասխան՝ չհամարձակվելով ներկայացնի ճշմարտությունը՝ ակնհայտ գրաքննության փաստը
3. վերջապես, ճշմարտությունը թաքցնելը նույնպես հանդիսանում է կոմպետենտության բացակայության ցուցանիշ։

Դիմում տվեք դուրս եկեք՝ ամոթ է, մեծ մարդ եք», – ՀՌԱՀ նախագահ Գագիկ Բունիաթյանին (լուսանկարում) առաջարկել է իրավապաշտպանը։

Ավելի վաղ Armtimes.com-ի հետ զրույցում  Գագիկ Բունիաթյանը, մասնավորապես, ասել է․ «Հանրային հեռուստաընկերությունն ու մյուս խոշոր լրատվամիջոցները պարտավոր չեն ու հնարավորություն էլ չկա բոլոր նորությունները լուսաբանելու»։ Հարցին, ինչպե՞ս է նա գնահատում այս օրերին Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ցույցերի լուսաբանումը Հանրային հեռուստաընկերությամբ և արդյո՞ք չափազանց պասիվ չէ՞ Հանրայինը, Բունիաթյանն ասաց․ «Գտնում եմ, որ նորմալ է լուսաբանումը։ Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ հանրությունը ուրիշ հետաքրքրություններ, ուրիշ խնդիրներ չունի»։

Լրագրողի դիտարկմանը, որ, օրինակ, «Երկիր մեդիան» ակտիվ լուսաբանում է, իսկ Հանրայինը, որը հանրության միջոցներով է գործում, չի կարողանում նույնն անել, չնայած որ ավելի շատ տեխնիկա ունի ու պայմաններ, զրուցակիցը նկատել է, թե խմբագրական որոշումներն ընդունում է հեռուստաընկերությունը և եթե գտնում է, որ էդպես պետք է լուսաբանել, էդպես է լուսաբանում: