հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Գասպարին իր դռան առջև լցրած գոմաղբը Սերժ Սարգսյանի տուն է տեղափոխել (թարմացված)

Գասպարին իր դռան առջև լցրած գոմաղբը Սերժ Սարգսյանի տուն է տեղափոխել (թարմացված)

Այսօր առավոտյան ինժեներ, նախկին քաղբանտարկյալ, քաղաքացիական ակցիաների մասնակից Վարդգես Գասպարին իր տան դիմաց՝ շքամուտքում, գոմաղբ է հայտնաբերել:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Գասպարին գրել է, որ գոմաղբը հայտնվել էր այն բանից հետո, երբ ինքը Սերժ Սարգսյանի տան դիմաց՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում, պիկետ է անցկացրել։ Նա գոմաղբի հայտնվելը համարել է ոչ թե պատահականություն, այլ իշխանությունների կողմից իր դեմ միտումնավոր կազմակերպված ակցիա, և որոշել է գոմաղբը տանել֊դնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան մոտ:

Ինժեները գոմաղբը տեղափոխել է մաս֊մաս․ առաջին անգամ գնալուց և տուն վերադառնալուց հետո, նա գրել է «Ֆեյսբուքում». «Առաջին սավոկ գոմաղբը ցխեցի սս-ի տան դռանը… Գնում եմ հետ ուղարկեմ մնացածը..․»

Երկրորդ անգամ Սերժ Սարգսյանի տան մոտ գնալուց հետո, սակայն, Գասպարին չի վերադարձել։ Նրա հետ կապ հաստատել չի հաջողվել, քանի որ նրա մոտ հեռախոս չի եղել, ընտանիքի անդամները ենթադրել են, թե նրան ոստիկանություն են տարել, բայց չեն իմացել՝ ինչ հիմքով և որ բաժին է տեղափոխվել Գասպարին։ Epress.am֊ը զանգահարել է ոստիկանության տեղեկատվության բաժին, որտեղ խոստացել են ճշտել, թե որտեղ է Գասպարին և ավելի ուշ տեղեկացնել։ Մոտավորպես 11։30-ի սահմաններում մեզ հաջողվել է կապ հաստատել Գասպարիի հետ, ով արդեն տուն է վերադարձել։ Նա ասել է, որ իրեն Կենտրոնի բաժին են տեղափոխել․ ինքը հրաժարվել է որևէ բան ստորագրել, որից հետո ինժեներին ազատ են արձակել։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Գասպարիի տան դիմաց գոմաղբ է լցվել: Անցյալ տարի հունիսի 25-ին նման արձագանք էր եղել, երբ ինժեները դարձյալ ակցիա էր անցկացրել Սերժ Սարգսյանի տան մոտ։

Գասպարին մի քանի օր գոմաղբը տան դիմացից չէր հավաքում, նա անգամ զանգահարել էր նախագահական՝ պահանջելով, որպեսզի «Սերժ Սարգսյանը գա, աղբը հավաքի, տանի»:  

Լուսանկարում՝ անցյալ տարի Վարդգես Գասպարիի դռան մոտ լցրած գոմաղբը