Home / Տեսանյութեր / Եզդի ընտանիքը վարչապետից պահանջում է որդու վրայից հանել սարքած քրգործը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եզդի ընտանիքը վարչապետից պահանջում է որդու վրայից հանել սարքած քրգործը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգությամբ եզդի Ամարյանների ընտանիքը վարչապետ Հովիկ Աբրահամյանից խնդրում է Յուրի Ամարյանի վրայից հանել անհիմն մեղադրանքը և պատժել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցներին, որոնք, ընտանիքի անդամների պնդմամբ, իրենց հայհոյել են ու բռնության ենթարկել։ 

Այսօր Ամարյանները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ և նամակ փոխանցել Հովիկ Աբրահամյանին, որտեղ ներկայացրել են դեպքի մանրամասները՝ նշելով, որ խախտվել են իրենց քաղաքացիական իրավունքները, բացի դա՝ խտրականություն է ցուցաբերվել եզդի ազգի նկատմամբ։ 

Ակցիայի մասնակիցները պաստառներ էին պահել՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև» գրությամբ, որը մեջբերում է ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածից։

Ակցիայի ընթացքում Նազիկ Ամարյանը պատմել է, որ ԴԱՀԿ 4 աշխատակիցները Ամարյաններին բնակարանից վտարելիս ծեծել են որդուն՝ Յուրի Ամարյանին, հարվածել են նաև իրեն։ Առանց առաջին բուժօգնություն ցույց տալու ոստիկանները Յուրի Ամարյանին տարել են բաժին և համոզել չբողոքել։ Հետագայում, սակայն, Ամարյանի նկատմամբ է քրեական գործ հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքով։  Քաղաքացին հրաժարվել է իրեն տրամադրված հանրային պաշտպանից, ով, իր խոսքով, իրեն պաշտպանելու փոխարեն համոզում էր ընդունել մեղքը, որպեսզի մեղմ պատիժ ստանա։ 

Ամարյանները դժգոհ են նաև դատաբժշկից, ով Յուրի և Նազիկ Ամարյանների վնասվածքները անգամ թեթև մարմնական չի որակել, իսկ ԴԱՀԿ աշխատակցի  մատի կոտրվածքը համարել է միջին ծանրության վնասվածք։  

Յուրի Ամարյանը հերքում է, թե ինքը հարվածել է ԴԱՀԿ աշխատակցին։ Ըստ նրա՝ ԴԱՀԿ աշխատակցի ձեռքը վնասվել է, երբ ատրճանակով իր մեջքին է հարվածել։ Համաձայն Ամարյանների՝ ծեծելու ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցներից մեկն ասել է․ «Ես քո եզդի լավը»։

1yezdi

Նազիկ Ամարյանը լրագրողներին պատմել է, որ իրենք Գյումրիի երկրաշարժից հետո հանրակացարանում բնակարան են ստացել, որտեղ մինչ այժմ ապրում էին։ Հետագայում շենքը գնել են, և իրենց տեղեկացրել են, թե պետք է հեռանան բնակարանից։ Ամարյաններին այցելած ԴԱՀԿ 4 աշխատակիցներին ընտանիքի անդամները խնդրել են թույլ տալ, որպեսզի որոշ իրեր տեղափոխեն հաջորդ օրը, սակայն պաշտոնյաները ստիպել են արագացնել։ 

«Որ մի տղայի մոտ իր մորը խփես, հայհոյես, չի՞ պաշտպանի։ Էդ Յուրան որտե՞ղ ա մեղավոր, որ Յուրայի գլխին սարքել են։ Երեք անգամ զենք են հանել։ Երեք հոգով հարձակվել են իմ տղու վրա։ Էդ Յուրան եզդի ա, մեջքին մարդ չկա՞»,֊ ասել է Նազիկ Ամարյանը։ 

Ակցիայի ժամանակ Ամարյաններին աջակցելու էին եկել նաև եզդիական համայնքի այլ ներկայացուցիչներ։ «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին լրագրողներին հայտնել է, որ եթե Հայաստանում պատկան մարմինները չբացառեն խտրականության դրսևորում, ապա իրենք  կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ մինչ օրս ազգային խտրականության հիմքով որևէ բողոք Հայաստանի եզդիական համայնքից չի եղել։