Home / Տեսանյութեր / Հացադուլ սկսած դատապարտյալին առաջարկում իր հաշվին բժիշկ հրավիրել

Հացադուլ սկսած դատապարտյալին առաջարկում իր հաշվին բժիշկ հրավիրել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի իրեն բուժօգնություն չտրամադրելու դեմ: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանը:

«ՔԿՀ-ի վարչակազմը հայտնել է, որ եթե Գևորգյանը ցանկանա, կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն ունի, ում եկամտի միակ աղբյուրը ծերության կենսաթոշակն է: Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով: Գևորգյանը չէր կարողանում քայլել, հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Գևորգյանը գանգատվել է, որ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն «Նուբարաշեն» ՔԿՀ–ն անտեսում է դա, Գևորգյանին անվանում են «սիմուլյանտ» և, պատճառաբանելով, որ նրա մոտ միայն բրոնխիտ է, բուժում չեն իրականացնում»,- հայտնել է դիտորդը:

Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան, մինչև մահանա:

Ավելի վաղ Epress.am-ն անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։  

 
Tekali Taxi