Home / Հայաստան / Սայլակով տեղաշարժվող դատապարտյալը ցանկանում է տեղեկություններ հանձնել նախարարությանը

Սայլակով տեղաշարժվող դատապարտյալը ցանկանում է տեղեկություններ հանձնել նախարարությանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը նամակով դիմել է Արդարադատության նախարարին (արդարաատության նախարար Հովհաննես Մանուկյանը նախագահի հրամանագրով անցյալ շաբաթ ազատվել է պաշտոնից, նոր նախարար դեռ չի նշանակվել ֊ խմբ․)։ Նամակում Գևորգյանը խնդրել է իր մոտ ներկայացուցիչներ ուղարկել, քանի որ կարևոր տեղեկություններ ունի հանձնելու Դատապարտյալների հիվանդանոցի պետի և իրեն այդ հիվանդանոցում դիտավորյալ թունավորելու մասին: Գևորգյանը նաև նշել է, որ այս պահին գտնվում է մահամերձ վիճակում, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հրաժարվում են իրեն բուժել, իսկ իր նկատմամբ կալանքը շարունակվում է՝ 2011 թվականից ի վեր ձգձգվող դատարավության պատճառով:

Բացի նախարարություն ուղարկված նամակից, դատապարտյալը նամակ է հանձնել նաև «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին, ում խոսքով, Գևորգյանն այսօր դատարան է բերվել սայկալով և չէր կարողանում խոսել:

«Ո՛չ տանում են հետազոտության, ո՛չ դիագնոզն են ասում, որ իմանամ՝ ինչ հիվանդություն ունեմ, ո՛չ էլ բուժում են: Ասում են՝ դու ծանոթ բժիշկ չունե՞ս, ասա, թող գա, քեզ բուժի, մենք կթողնենք: Թե չէ, մենք այդպիսի բժիշկ չունենք, դա մեծ գումարների հետ է կապված, մենք չենք կարող անել: Ասում են՝ կամ եթե ծանոթ բժիշկ ունես, կանչի, թող քեզ բուժի, կամ էլ փողը տուր, համ տանենք հետազոտել տանք, համ էլ բուժել տանք: Ասում են՝ մինչև մեզ մոտ գալը, էդքան բժիշկների մոտ ես եղել, ինչի չբուժեցին, որ բերեցին, թողեցին մեր վզին: Եթե այսպես շարունակվի, ես կմահանամ»,- նամակում գրել է Հրաչյա Գևորգյանը:

Գևորգյանը մեղադրվում է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ՆԳ բաժանմունքի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Ըստ մեղադրյալի՝ Արթուր Գևորգյանն իր հետ մի քանի անգամ հանդիպում է պահանջել, մեկ անգամ էլ հանդիպել է՝ ՔԿՀ֊ի աշխատակիցներին ներկայանալով որպես մեղադրյալի բարեկամ։ Համաձայն Հրաչյա Գևորգյանի, հանդիպման ժամանակ ոստիկանն ասել է, որ թույլ չի տա, որպեսզի մեղադրյալը բանտից դուրս գա, կպահի այնքան, մինչև մահանա:

Ավելի վաղ Epress.am-ն անդրադարձել է Հրաչյա Գևորգյանի դատավարությանը։ 

 
Tekali Taxi