Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մրցույթ է հայտարարել, որին մասնակցելու հրավեր է ուղարկել էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման մեջ մասնագիտացած աշխարհի լավագույն 5 ընկերություններին: Այս մասին Epress.am-ին հատյնել է ՀԾԿՀ մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանը:
«Քանի որ երկրի նախագահը հունիսի 27-ին Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պետք է բարձրացվի հանձնաժողովի նկատմամբ հանրային վստահությունը, և հանձնաժողովի սահմանած սակագնի շուրջ երկմտություն չպետք է առաջանա, մենք հրավիրում ենք խորհրդատվական հեղինակավոր ընկերության, որը պետք է ուսումնասիրի և գնահատի սահմանված սակագնի հիմնավորավածության աստիճանը», – ասել է Մարիամ Ստեփանյանը:
Մամուլի խոսնակը չի նշել մրցույթին մասնակցող 5 ընկերությունների անունները, սակայն ասել է, որ դրանք բոլորն էլ ամերիկյան են: Հարցին, թե արդյոք չի՞ լինի շահերի բախում, եթե ՀԾԿՀ-ն ինքն է ընտրելու ստուգող ընկերությանը, Ստեփանյանն ասել է, որ ընտրված կազմակերպությունը ներկայացվելու է Կառավարությանը, և վերջինս է վճարելու մատուցված ծառայությունների համար՝ ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդից:
Մեր զրուցակիցն ընդգծել է, որ այս ստուգումները կապ չունեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում իրականացվող տեխնիկական աուդիտի հետ։ Այդ աուդիտն անցկացվում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել էլէներգիայիս ակագինը 6.93 դրամով բարձրացնել օգոստոսի 1-ից։ Այն կազմելու է 48,78 դրամ մեկ կիլովատ/ժամ էլէներգիայի համար։
Որոշումից հետո քաղաքացիները երկու շաբաթ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ փակելով Բաղրամյան պողոտայի սկզբնամասը։ Ոստիկանությունը մարդկանց ցրել է 2 անգամ՝ հունիսի 23-ին, որից հետո նստացույցը նոր թափով է վերսկսվել, և վերջնական՝ հուլիսի 6-ին։