Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 25-ին ձերբակալվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն, Խաչատրյանին կասկածում են Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ (քրօր֊ի 112-րդ հոդված):
Ավելի վաղ Մուշեղ Զաքարյանին միջին աստիճանի մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով ձերբակալվել էր ևս 6 մարդ Տիգրան Խաչատրյանի շրջապատից։
Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո ԶԼՄ֊ները գրել էին, որ Զաքարյաններին ծեծի էր ենթարկել Խաչատրյանն իր ընկերների հետ։ Ծեծկռտուքին Խաչատրյանի մասնակցության մասին հայտնում էին նաև Զաքարյանների մերձավորները։ Սյունիքի մարզպետի որդին, սակայն, ձերբակալվել է միջադեպից մոտ 3 ամիս անց։
Ավելի վաղ Հարություն Զաքարյանը Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ միջադեպի հետևանքով ինքը կորցրել է աջ աչքի տեսողությունը, իսկ մյուս աչքի տեսողություն վատացել է 40 տոկոսով։