Թմրանյութի փոխանցման և պահման մեջ մեղավոր ճանաչված Հովհաննես Չոլախյանին ոստիկանությունում խոշտանգելու դեպքի առթիվ ՀՔԾ֊ում քրեական գործ է հարուցվել։ Չնայած դրան, Վճռաբեկ դատարանը Չոլախյանի փաստաբանի բողոքը վարույթ չէր ընդունել։
Չոլախյանի նկատմամբ բռնությունների մասին բարձրաձայնել էր նրա մայրը` Թագուհի Չոլախյանը, ով բողոքի ակցիա էր անցկացրել նախագահական նստավայրի դիմաց՝ ցույց տալով որդու այրվածք ձեռքերի լուսանկարները:
Մոր խոսքով՝ ոստիկաններն ամեն ինչ արել են, որպեսզի որդին իր վրա վերցնի հանցագործությունը, անգամ նրա մատներն են վառել վառարանի վրա (լուսանկարում)։
Չոլախյանի փաստաբան Սեյրան Ազիզյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, սակայն, որ չնայած ՀՔԾ֊ում հարուցված գործին, Չոլախյանի դեմ կայացված դատավճռի բողոքարկումը Վճռաբեկ դատարանն անգամ վարույթ չի ընդունել: Պաշտպանական կողմը քննարկում է Մարդու իրավուքների եվրոպական դատարան դիմելու տարբերակը:
Համաձայն մեղադրանքի՝ Չոլախյանն առանձնապես խոշոր չափի` 0.686 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոց և խոշոր չափի` 0.57 գրամ քաշով ամֆետամին տեսակի թմրամիջոց է փոխանցել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Գևորգյանին և դրա համար դատապարտվել 11 տարի 3 ամիս ազատազրկման: Գևորգյանի վկայության համաձայն՝ ինքը Չոլախյանին չի ճանաչում:
Ազիզյանի խոսքով՝ նախաքննական մարմինը Չոլախյանի դեմ կեղծ ապացույցներ է հավաքել։
«Մասնավորապես, կեղծվել են ընթերակաների ստորագրությունները։ Ընթերակաները ՔԿՀ֊ի աշխատակիցներ էին, որոնք եկել են ցուցմունք տալու դատարանում, և նրանց՝ դատարանում տված ստորագրությունն ակնհայտորեն տարբերվում էր արձանագրության մեջ առկա ստորագրություններից։ Մենք միջնորդեցինք փորձաքննություն անցկացնել, սակայն դատարանը մերժեց», ֊ ասել է փաստաբանը։
Նրա խոսքով՝ որևէ ապացույց ձեռք չի բերվել նաև անձնական խուզարկության արդյունքում։
«Չոլախյանին բռնել են հունվարի 4-ին, բայց տեսել են, որ ձերբակալելու հիմք չկա, ազատել են։ 5 ամիս հետո, երբ իմ պաշտպանյալն այլ գործով դատապարտվել է, այդ գործով էլ են մեղադրանք առաջադրել»,֊ ասել է Ազիզյանը։