Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում 2015 թվականի հունվարի 29-ին մահացած 19-ամյա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, բացառում է, որ իր որդին ինքնասպանություն է գործել։
Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է․ համաձայն գործի նյութերի՝ դեպքի վայրում թուղթ է հայտնաբերվել, որի վրա սպանված կուրասանտի անունից գրված է եղել, թե իր մահվան մեջ պետք չէ ոչ մեկին մեղադրել։ Կուրսանտի հորն այդ երկտողի մասին քննիչներն ասել են նախաքննության ընթացքում։ Այնուամենայնիվ, Epress.am֊ի հետ զրույցում Արկադի Բարսեղյանը ասել է՝ բազմաթիվ ապացույցներ կան, թե տեղի ունեցածը դաժան սպանություն է։ Մասնավորապես, այդ մասին վկայում է դատաբժշկական փորձաքննությունը․ կուրսանտի դիակի վրա այնպիսի մարմնական վնասվածքներ են եղել, որոնք անձն ինքն իրեն չէր կարող հասցնել։ Բացի դրանից, կուրսանտի հայրը նշել է, որ դատաձեռաբանական փորձաքննությամբ երկտողի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փորձ է արվել նմանակել որդու ձեռագիրը։
«Բացառված է, որ իմ որդին նման քայլի դիմեր։ Նախ՝ դա նրա ձեռագիրը չէ։ Երկրորդ՝ նա շատ ուժեղ տղա էր։ Երրորդ՝ իմ տղան Աստվածաշունչ կարդացել էր և գիտեր, որ ինքնասպանությունը մեղք է։ Չորրորդ՝ նա ոչ մի պրոբլեմ չուներ ինստիտուտում։ Մեզ ասում էր՝ մի զանգեք, զանգերն արգելված են, եթե պետք լինի, ես կզանգեմ ինքս։ Այդ աստիճանի կարգապահ էր»,֊ ասել է Արկադի Բարսեղյանը։
Սպանված կուրսանտի հոր խոսքով՝ որդուն վերջին անգամ տեսել են հունվարի 7-ին, երբ ամանորյա արձակուրդներից հետո նրան տարել էր ինստիտուտ։ Այդ օրը որդու տրամադրությունը բարձր է եղել։
«Ամբաստանյալներն ասում են, որ ընկերներ են եղել Հայկազի հետ, նամակներ են գրում ինձ։ Նման բան չի եղել։ Հայկազը մենակ է եղել։ Իմ եղբոր որդին հարցրել է՝ կան ձեր մոտ տղաներ, որ իրենց «լավ են զգում»։ Հայկազն ասել է՝ կան, բայց ես նրանց հետ կապ չունեմ։ Ես եմ նրան ասել՝ դու ուժեղի կողքին մի կանգնի, դու թույլերի հետ եղիր ու ինքդ քո վրա հույսդ դիր»,֊ պատմել է հայրը։
Նշենք, որ խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նույն ինստիտուտի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին։ Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալ, գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:
Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Հայկազ Բարսեղյանի դին հայտնաբերել էին զորամասի մարզահրապարակում պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Բացի դա, կուրսանտի մարմնին բազմաթիվ վնասվածքներ են եղել։
Լուսնակարը՝ forrights.am