Home / Տեսանյութեր / ՀԷՑ֊ի իրական գնորդների թվում են Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը․ «ՀԺ»

ՀԷՑ֊ի իրական գնորդների թվում են Սամվել Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը․ «ՀԺ»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հիմնական բաժնեմասի սեփականատերն է դառնալու ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանը (լուսանկարում՝ ձախից), գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Երեկ կառավարությունը քննարկել է ՀԷՑ֊ը օֆշորային գոտում (Կիպրոս) գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու հարցը և 4 նախարարների հանձնարարել է հնարավոր գործարքի վերաբերյալ եզրակացություն ներկայացնել։ Ըստ «ՀԺ»֊ի՝ այդ ամենը ձևական բնույթ է կրում, և վաճառելու մասին որոշումը վաղուց կայացվել է։ Թերթի աղբյուրների համաձայն, իրական գնորդների թվում են, բացի Սամվել Կարապետյանից, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ֊ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը և Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ֊ի վաճառքի գործարքը ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվարը։ 

Ինչ վերաբերում է «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, ապա, ըստ «ՀԺ»֊ի, այս ընկերությունը հանդես է գալու որպես միջանկյալ սեփականատեր․ այն ՀԷՑ֊ը գնելու է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՈ Հոլդինգ» ընկերությունից և որոշ ժամանակ անց վերավաճառելու է արդեն իրական սեփականատիրոջը։

«Այդ միջանկյալ շրջանում որոշակի «լվացումներ» կիրականացվեն, մի քիչ պարտքեր դուրս կգրվեն, մի քիչ վարկեր «կմաքրվեն», ու որոշ ժամանակ անց ի հայտ կգա նոր՝ իրական սեփականատերը», ֊ նշում է թերթը։

Հիշեցնենք, որ, մամուլի հրապարակումների համաձայն, այս տարվա փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և այն ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հակամարտության ընթացքում Սամվել Կարապետյանն իր վրա կողմերին հաշտեցնողի դեր է վերցրել, և բանակցել է Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո վերջինս լքել է քաղաքականությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում