Սեպտեմբերի 25-ին անդրբեջանական զինուժի կողմից արկակոծման հետևանքով Լեռնային Ղարաբաղում զոհված, երևանցի Ռոբերտ Մկրտչյանը միակողմանի ծնողազուրկ էր և ընտանիքի միակ զավակը, ինչը նրան հնարավորություն էր տալիս ծառայել իր բնակության վայրին մոտ գտնվող զորամասում։ Չնայած դրան, Մկրտչյանը զորակոչվել էր Մարտակերտ, գրում է irakan.info-ի թղթակից Սեդա Ղուկասյանը, ով ներկա է եղել զինծառայողի հուղարկավորության արարողությանը Եռաբլուր զինվորական պանթեոնում:
Հոդվածագիրը նշում է, որ Զինապարտության մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:
Լրագրողը հարցրել է հուղարկավորությանը ներկա ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Երևանում գրանցված միակողմանի ծնողազուրկ տղան զորակոչվել է Լեռնային Ղարաբաղ, սակայն գեներալը խորհուրդ է տվել զինկոմիսարիատ դիմել։