«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը հայտարարել է, որ ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը և «Ինտեր ՌԱՕ» խումբը պայմանագիր են ստորագրել Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ։ «Հայկական ժամանակ» օրաթերթը նշում է, որ ՀՀ Կառավարությունը, սակայն, քննարկում է մի գործարք, որում «Տաշիրը» որևէ կարգավիճակով ներառված չէ, և, այդ գործարքի համաձայն, ՀԷՑ֊ը վաճառվելու է Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը:
Թերթն ընդգծում է, որ երեկ «Ինտեր ՌԱՕ»֊ն ՀԷՑ֊ը «Տաշիրին» վաճառելու մասին հաղորդագրությունն իր կայքում տեղադրելուց կարճ ժամանակ անց չեղյալ համարեց այն և հեռացրեց կայքից։ Դրանից հետո հաղորդագրությունը հայտնվեց «Տաշիր գրուպ»֊ի կայքում, որից հետո «Ինտեր ՌԱՕ»֊ն կրկին տեղադրեց հաղորդագրությունն իր կայքում։ Նշելով, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել մեկ այլ ընկերությանը վաճառելու գործարքին,՝«ՀԺ»֊ն ընդգծում է՝ կարելի է ենթադրել, թե հենց այդ իրավաբանական անհամապատասխանությունն է եղել պատճառը, որպեսզի «Ինտեր ՌԱՕ»֊ն չեղյալ համարի իր հաղորդագրությունը:
«Սակայն տարօրինակ է, որ ավելի ուշ հաղորդագրությունը վերականգնվեց, ու նաև «Տաշիրը» տարածեց նույն հաղորդագրությունը: Սա տալիս է մեկ այլ ենթադրության հիմք: Ամենևին պետք չէ բացառել, որ «Տաշիր» խումբը ձեռք է բերել հենց «Լիոմանդ Հոդինգզ Լիմիթեդ» ընկերության բաժնետոմսերը», -գրում է «ՀԺ»-ն:
Թերթը նաև նշում է, որ «Տաշիրի» տարածած հաղորդագրության ամենաուշագրավ հատվածը վերաբերում է Հայաստանում գործող սակագնին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հայաստանի բնակչությանն աձակցելու նպատակով որոշում է ընդունվել առաջիկա տարվա ընթացքում անձնական միջոցներից ՀՀ կառավարության հետ համամասնորեն փոխհատուցել բարձրացված և մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար»։
Փաստորեն, գալիք մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքացիները կշարունակեն էլէներգիայի համար վճարել 42 դրամ մեկ կիլովատի համար։