Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունների «Ոչ»-ի ճակատի ակտիվիստներին բերման են ենթարկում Ազգային Ժողովի մոտից։ Ինչպես փոխանցում է Epress.am֊ի թղթակիցը, այս պահին բերման են ենթարկվել Ալբերտ Մարգարյանը, Սերգեյ Գրիգորյանը, Սերոբ Գասպարյանը, Արեգ և Սարգիս Գևորգյանները, փաստաբան Տիգրան Եգորյանը։ Բերման ենթարկվածներին տեղափոխել են Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Ակցիայի մասնակիցները փորձել են ԱԺ-ի ճաղավանդակին «Ոչ» գրությամբ պաստառ փակցնել, սակայն ոստիկանները խոչընդոտել են՝ բախում հրահրելով։ Այս պահին ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քվեարկության է դրված Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տեքստը, որը ներկայացվելու է հանրաքվեին:
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող նախաձեռնությունների «Ոչ»-ի ճակատը երթ էր նախաձեռնել դեպի ԱԺ՝ կոչ անելու ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել փոփոխությունների նախագծին: