Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ, թույլ չտալով բողոքարկել իր լիազորությունները դադարեցնելու մասին ՀՀ նախագահի որոշումը, Հայաստանի դատարանները խախտել են Սաղաթելյանի արդար դատավարության իրավունքը։ Դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Սաղաթելյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր։ ՄԻԵԴ֊ն այս վճռով պարտավորեցնել է ՀՀ Կառավարությանը նախկին դատավորին 4.900 եվրոյի փոխհատուցում վճարել։ Վճիռը կայացվել է սեպտեմբերի 29-ին, հրապարակվել՝ այսօր։
Հայաստանում առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր քննել Սաղաթելյանի բողոքը՝ պատճառաբանելով, որ նախագահի հրամանագրերը ընդատյա չեն ընդհանուր իրավասության դատարաններին։
Վճիռը բեկանվել էր Վերաքննիչ դատարանում, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել էր, որ առաջին ատյանի դատարանում կայացված վճիռը պետք է ուժի մեջ մնա։
«Ես կարծում եմ, որ այս վճիռը կլինի անկյունաքարային։ Հարցը հետևյալն էր․ կա աշխարհում մի ատյան, որտեղ կարելի է նման որոշումները բողոքարկել։ Իմ լիազորությունները դադարեցվել են մի գործով «արդարադատություն իրականացնելիս կոպիտ խախտում» թույլ տալու հիմքով։ Բայց այդ գործով ես դատական ակտ չեմ կայացրել։
Քրեական օրենսգրքի 112֊րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր, որտեղ իմ նկատմամբ բողոք չի եղել կողմերից, եղել է բողոք նախաքննության ընթացքում թույլ տված գործողությունների վերաբերյալ, այսինքն՝ Արդարադատության խորհուրդը չէր էլ կարող քննել իմ՝ խախտում թույլ տալու հարցը», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին դատավոր, ներկայումս որպես փաստաբան աշխատող Անահիտ Սաղաթելյանը։
Փաստաբանը պատմել է, որ երբ ինքը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ, և 2009թ․ հունիսին եվրոպական դատարանը կոմունիկացրել է գործը, իշխանություններն իր նկատմամբ ճնշումներ են գործադրել, մասնավորապես, Հայաստանում իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել դատավոր եղած ժամանակ կեղծիքներ կատարելու հատկանիշներով։
«Քրեական գործը ուզում էին կարճել՝ վաղեմության ժամկետները անցած լինելու հիմքով։ Տարիներ պահանջվեցին, բայց հասանք նրան, որ գործը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դա այն էր, ինչ ես ուզում էի, քանի որ, եթե վաղեմությունն անցել էր, ինչո՞ւ էիք գործ հարուցել։ Եթե հարուցել եք, ապա արդարացրեք», ֊ ասել է Անահիտ Սաղաթելյանը։