Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն այսօր արգելել է փաստաբան Անի Թորոսյանին իր վստահորդի հետ միասին մասնակցել Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստին։ Epress.am֊ի հետ զրույցում Թորոսյանը պատմել է, որ ինքը ներկայացնում է քաղաքացի Աննա Խլղաթյանի շահերը, ով դատական կարգով պայքարում է երկու որդիների խնամակալության իրավունքը ստանձնելու համար։ Թաղապետ Անտոնյանի գլխավորությամբ հոգեբաններից և մանկավարժներից կազմված հանձնաժողովը երեխաների և ծնողների հետ հանդիպումներից հետո պետք է իր եզրակացությունը ներկայացնի։
«Երբ մոտ 15 րոպե փորձում էի բացատրել, որ ակնհայտ կոպիտ խախտում են անում, փաստացի խոչընդոտում են իմ փաստաբանական գործունեությունը, ոտնհարում են վստահորդիս իրավունքները՝ նրա ներկայացուցչին արգելելով մասնակցել նիստին, հարգարժան Անտոնյանը հայտարարեց, որ «իրենց մոտ» միշտ էլ այդպես է եղել, որովհետև փաստաբաններն ընտանիք են քանդում, և իրենք որոշել են այլևս փաստաբաններին թույլ չտալ գտնվել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերին»,֊ նշել է Անի Թորոսյանը։
Նա տեղեկացրել է, որ ինքը ականատես է եղել, որ այլ փաստաբանների ևս թույլ չեն տվել մասնակցել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստերին, մինչդեռ այլ հանձնաժողովներում երբեք նման խնդիրներ չեն եղել։
«Իմ վստահորդը փաստորեն զրկվեց նիստի ժամանակ իրավական խորհրդատվություն ստանալու իրավունքից»,֊ասել է Թորոսյանը։
Փաստաբանը նշել է, որ տեղի ունեցածի մասին հաղորդելու է Փաստաբանների պալատին։