Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ հրապարակել է Վերնիսաժի գործով դատավճիռը` պատգամավորի փեսային դատապարտելով 6,5 տարվա ազատազրկման։
Գործով անցնում էր ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսան՝ Գոռ Առաքելյանը, ով Վերնիսաժում վիճաբանել էր Վալերիկ Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ, կրակել էր՝ վնասվածքներ հասցնելով վերջիններիս և երեք այլ անձանց։ Մամուլում գրվել էր, որ Գոռ Առաքելյանն իր Toyota Landcruiser մեքենայով ցանկացել է դուրս գալ ստորգետնյա ավտոկայանատեղիից, սակայն Վալերիկ Հովհաննիսյանը և Նորայր Հարությունյանը BMW X 6 մակնիշի մեքենայով մոտ կես ժամ փակել են ճանապարհը՝ առաջացնելով խցանում և թույլ չտալով տարածքում մեքենաների երթևեկությունը, ինչի հետևանքով էլ վիճաբանություն է ծագել։
Մեղադրող դատախազը Գոռ Առաքելյանի համար պահանջել էր 9 տարի ազատազրկում, իսկ դատարանը մեղմել էր պահանջվող պատիժը և սահմանել 6 տարի 6 ամիս ազատազրկում։
Մյուս մեղադրյալները՝ Վալերիկ Հովհաննիսյանը և Ներսես Մելքոնյանը, դատապարտվել են համապատասխանաբար 3 և 2 տարվա ազատազրկման։ Հովհաննիսյանի նկատմամբ դատարանը, հակառակը, կես տարով խստացրել է դատախազի միջնորդած պատիժը։ Հրապարակումից հետո Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը վրդովվել է և դուրս եկել դատարանից։ Նա լրագրողներին ասել է․ «էդքան բանից հետո թող ազատեին, պարգևատրեին (Գոռ Առաքելյանին), ոնց որ Սաֆարովին պարգևատրեցին։ Դատավորը սապլյակություն արեց, որովհետև մեշոկներով գումար է վերցրել»։
Լուսանկարը՝ news.am