հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Նույնականացման քարտերով քվեարկությունը վերահսկողության կարիք ունի»․ ԱԺ֊ն մերժում է էլսարքեր կիրառել

«Նույնականացման քարտերով քվեարկությունը վերահսկողության կարիք ունի»․ ԱԺ֊ն մերժում է էլսարքեր կիրառել

Քանի որ Հայաստանի քաղաքացիներին տրվող նույնականացման քարտերի վրա ընտրություններին մասնակցելը փաստող կնիքը հնարավոր չէ դնել, այդ փաստաթղթերով ընտրություններին կամ հանրաքվեներին մասնակցել թույլատրելը հղի է կրկնակի քվեարկության վտանգով: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասել է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Խնդիրն արդիական է դարձել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ։ Ուրիխանյանը վերահսկողություն սահմանելու մասին նախագիծ է առաջարկել, որի համաձայն պետք է ներդրվեն համապատասխան էլեկտրոնային սարքեր, որոնք օնլայն համակարգով կֆիքսեն նույնականացման քարտով ընտրած քաղաքացու մասնակցությունը: Նա կարծիք է հայտնել, որ էլեկտրոնային սարքերը թանկ չեն և ցանկության դեպքում կառավարությունը կգտնի համապատասխան միջոցներ:

Տիգրան Ուրիխանյանը հավելել է, որ խնդիրների լուծումները պետք է առաջարկեր Կառավարությունը, որը մշակել է նույնականացման քարտով քվեարկություն թույլ տալու նախագիծը:

«Միգուցե հարցի լուծումը պահանջում է լուրջ ծախսեր, բայց արդյո՞ք փողի մասին խոսակցությունները տեղին են, երբ խոսք է գնում ընտրության պատվի մասին: Դա նրանց խնդիրն է, ովքեր կազմակերպում են ընտրությունները: Եթե որոշ գերատեսչությունների զրկեք մի շարք շքեղ արարողակարգային ծախսերից, կարելի է կազմակերպել ընտրական գործընթաց: Այս բեռն անտանելի չէ, ցանկության դեպքում փող կգտնվի»,- ընդգծել է Տիգրան Ուրիխանյանը:

Ինչևէ, հանձնաժողովը 5 դեմ, 4 կողմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Ուրիխանյանի նախագիծը ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնել: