Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 10 միլիոն դրամ և 55 հազար դոլար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Գաբրիելյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագրում նշված է, որ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է կես միլիոն դրամ:
«Իսկ ահա դատավորի կինը՝ Լիլիթ Գաբրիելյանը, թեև չի աշխատում, այնուամենայնիվ, հայտարարագրել է 22 մլն դրամ և 5 հազար դոլար դրամական միջոց։ Բացի դա, նա անցած տարվա ընթացքում 11 հազար դոլարով վաճառել է «Toyota Rav 4 2.4» մակնիշի ավտոմեքենա, իսկ 21 հազար դոլարով գնել է «Lexus Rx 350» մակնիշի շքեղ ավտոմեքենա։
Տեղեկացնենք, որ դատավորի կինը ոչ մի տեղ չաշխատելով՝ անցած տարի 5․5 մլն դրամ և 10 հազար դոլարի եկամուտ է ստացել, որոնցից առաջինը ձևակերպվել է որպես շահաբաժին, իսկ երկրորդը՝ 10 հազար դոլարը, որպես նվիրատվություն», ֊ գրում է թերթը։