Երեկ խարդախության մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել։ Իր որոշման մասին նա հայտնել է կնոջը՝ Մարգարիտա Բաղրամյանին։ Հացադուլ սկսելու որոշումը Ավետիսյանը կայացրել է նրանից հետո, երբ երեկ Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովը մերժել է նրա՝ վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումը։ Ավետիսյանը բողոքում է ոչ միայն իր, այլ նաև այլ կալանավորների վաղաժամկետ ազատման դիմումները մերժելու դեմ։
Ավետիսյանին արդեն տեղափոխել են հացադուլավորների համար նախատեսված խուց։
2014 թվականին Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի մեջ։ Դատարանն ապացուցված էր համարել, որ գնդապետը 2000 դոլար է վերցրել Հենրիխ Զաքարյանից՝ նրա թոռանը ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդու զորամասը փոխելու համար։ Ավետիսյանը դատավարության ողջ ընթացքում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին՝ նա բազմիցս ասել է, որ ամբաստանյալի աթոռին հայտնվելը քաղաքական հետապնդման հետևանք է, քանի որ ինքը եղել է ազատամարտիկների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը։ Դատական նիստերից մեկի ընթացքում Ավետիսյանն ասել էր, որ ազամարտիկների սոցիալական վիճակը բարելավելու պահանջով ակցիաների մեկնարկից հետո իրեն զգուշացրել էին, որ «գլխին կսարքեն»։