Home / Տեսանյութեր / Երևանում շենք են գրավել․ վիճող երկու կողմն էլ պնդում է՝ ինքը տուժող է

Երևանում շենք են գրավել․ վիճող երկու կողմն էլ պնդում է՝ ինքը տուժող է

Երևանի կենտրոնում՝ Պուշկինի 51/1 հասցեում գտնվող նորակառույց շենքում բնակարանի նախնական պայմանագրեր կնքած քաղաքացիներն արդեն երկու օր է՝ ջարդել են շենքի դուռը, մտել են ներս և ապրում են կիսակառույց բնակարաններում։ Բնակիչներն այս քայլին դիմել են, քանի որ մտավախություն ունեն, որ կառուցապատող «Նարեկ֊Դավիթ» ընկերությունը, այլ գործով դատավարությունը տանուլ տալով, չի կարողանա իրենց բնակարաններով ապահովել։

Նշված շենքում բնակություն հաստատած քաղաքացիները Epress.am֊ի լրագրողներին պատմել են, որ «Նարեկ-Դավիթ» շինարարական ընկերության հետ իրենք պայմանագրեր են կնքել 2007 թվականին։ Ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանը հետագայում դատապարտվել է՝ այլ շենքում բնակարանները մի քանի անգամ վաճառելու և խարդախությամբ առանձնապես խոշոր գումարներ շորթելու համար։ Պապոյանի դատվելուց հետո Պուշկինի փողոցի շենքի շինարարությունը կանգնել է։

Բնակիչների խոսքով՝ իրենք միայն դատավարությունից հետո են տեղեկացել, որ հողատարածքը, որի վրա կառուցվում էր շենքը, պատկանում է գործարար Անդրանիկ Խալոյանին։

«Այժմ Խալոյանն առաջարկում է, որ նախ ինքը սեփականացնի շենքը և հետո միայն բնակիչների հետ նոր պայմանագրեր կնքի: Մենք ի՞նչ իմանանք՝ կկնքի՞ մեզ հետ նոր պայամնագիր։ Անդրանիկ Խալոյանն իրեն չի համարում «Նարեկ-Դավիթ» ընկերության իրավահաջորդ: Հիմա օդից մեկը եկել, ասում ա՝ էդ իմ սեփականությունն ա, և միանշանակ կասի՝ ես չեմ ճանաչում ձեր պայմանագրերը: Ես ով, «Նարեկ-Դավիթը»՝ ով, կասի, գնացե՛ք, իրենից ուզեք»,֊ մեզ հետ զրույցում ասել է շենքի բնակչուհի Սուսաննա Բալայանը։

Անդրանիկ Խալոյանն Epress.am-ին ասել է, որ ինքն իրավունք ունի այդ բնակարանները վաճառել, և դա չի անում միայն բնակիչների հետ սոլիդարությունից, մարդասիրությունից ելնելով։

Խալոյանի խոսքով՝ ինքը ևս Պապոյանի խարդախություններից է տուժել․ վերջինս իրավունք չուներ այդ բնակարանները վաճառել, քանի որ դրանք իրեն են պատկանում։

«Ե՛վ հողի, և՛ շենքի սեփականատերը ես եմ։ Ես հողը վաղուց եմ գնել։ Պայմանագրի համաձայն՝ Պապոյանն իմ հողի վրա շենք է կառուցել։ Նա խաբել է ինչպես այդ մարդկանց՝ նրանց վաճառելով բնակարանները, այնպես էլ ինձ։ Ես էլ եմ տուժող», ֊ ասել է Խալոյանը։

Բնակիչները, սակայն, կադաստրից փաստաթղթեր են ներկայացնում, որ հողը գնվել է շենքի կառուցումից մոտ 5 տարի հետո։ Խալոյանը պնդում է, որ այդ փաստաթղթերը «սուտ են»։

«Փորձել ենք դիմել քաղաքապետարան՝ գործին ընթացք տալու և կարգավորելու համար, սակայն քաղաքապետարանում, տեսնելով, որ այդ շենքի բնակիչներ ենք, դիմումները չեն ընդունում։ Խալոյանը եղել է քաղաքի ավագանու անդամ, այդ ժամանակ էլ թղթերը սարքել է», ֊ ասել է բնակիչներից Ռոբերտ Կարապետյանը։

«Որպեսզի իրանց նպատակին հասնեն, այս շենքի հասցեն երկու անգամ փոխել են։ Նախկինում եղել է Սարյան 19-21, երկու տարի առաջ փոխել են՝ Եկմալյան 2֊5, իսկ մի քանի ամիս առաջ էլ փոխել են՝ Պուշկինի 51/1։ Դա արել են, որպեսզի մեր 2007 թվի թղթերով չապացուցվի, որ մենք հենց այս տներն ենք գնել»,֊ ասել է Սուսաննա Բալայանը։

pushkin51

Բնակիչները պնդում են, որ մի քանի անգամ փորձել են հաստատվել բնակարաններում, սակայն ամեն անգամ իրենց դա չի հաջողվել։ Երկու օր առաջ շենք ներխուժելուց հետո մարդիկ մի քանի բնակարաններում գիշեր-ցերեկ հերթապահում են:

Այսօր ոստիկանության աշխատակիցները և փրկարարները փորձել են մարդկանց հանել բնակարաններից:

«Մենք ասացինք՝ դուրս չենք գալու, հացադուլ, ջրադուլ, ինչ ասես կանենք, բայց դուրս չենք գա: Մի քիչ մնացին, տեսան, որ դուրս չենք գալիս, գնացին: Բայց հետո էլի կգան ու միանշանակ պահանջը նույնը կլինի՝ դու՛րս եկեք», ֊ ասել է Բալայանը:

Ամեն դեպքում բնակիչները չեն պատրաստվում դուրս գալ։ Նրանք ցանկանում են հարցին լայն հնչեղություն հաղորդել, և հասնել իրենց խնդրի լուծմանը։