Բյուրեղավան քաղաքում գործող «Glass World Company» ընկերությունն իր աշխատակիցների բողոքներին և ակցիաներին ի պատասխան՝ խոստացել է մինչև նոյեմբերի 15֊ը վճարել աշխատավարձի պարտքի մի մասը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերությանը պատկանող ապակու գործարանի աշխատողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ։ Գործարանն աշխատակիցների համար անսպասելիորեն դադարեցրել էր աշխատանքն այս տարվա օգոստոսի 1-ին։ Այդ պահին աշխատողներին 3-ից 6 ամսվա աշխատավարձ էին պարտք։
«Մենք բողոքի ակցիաներ արեցինք և գործարանի մոտ, և եկանք Երևան՝ Կառավարությունից օգնություն ստանալու։ Հիմա խոստացել են, որ մինչև նոյեմբերի 15-ը մի մասը կտան։ Ասում են՝ ամբողջը միանգամից տալ չենք կարող։ Չեն ասել՝ կոնկրետ ինչքան կտան 15-ին», ֊ ասել է մեր զրուցակիցը։ Նախկինում գործարանի տնօրինությունը խոստացել էր աշխատավարձի ողջ պարտքը մարել մինչև օգոստոսի վերջ, սակայն չէր կատարել խոստումը։
Նշենք, որ ՀՀ կառավարությունում բյուրեղավանցիներին ասել էին, որ ոչնչով չեն կարող օգնել, քանի որ «Glass World Company»֊ն մասնավոր ընկերություն է, և խնդիրների դեպքում աշխատողները պետք է դատարան դիմեն։