Բռնությունը հայաստանյան ընտանիքներում շարունակում է մնալ տարածված և իրավական մեխանիզմներից դուրս հանցագործություն, սակայն ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք մինչ օրս չի ընդունվել։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքն ընդունելու պահանջով այսօր կազմակերպված երթի մասնակից, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։
Օրենքի ընդունման պահանջով կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ֊ները դեռ հոկտեմբերի 1-ին դիմել էին Կառավարությանը և պատասխան ստացել, թե օրենքի նախագծի վրա աշխատանքներ են տարվում։ Այսօր ՀԿ֊ների ներկայացուցիչները պաստառներով, բռնության մասին իրազեկման թերթիկներ բաժանելով՝ կրկին երթ են անցկացրել դեպի Կառավարության շենք։ Նրանք մեկնարկել են Կասյան փողոցից, անցել են Բաղրամյան և Հյուսիսային պողոտաներով՝ հասնելով են Հանրապետության հրապարակ։
Երթի մասնակիցները վարչապետ Հովիկ Աբրահամյանին և Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին նամակներ են հանձնել՝ կոչ անելով օրենքի մշակման աշխատանքներում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների ներգրավել։
Նշենք, որ ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի նախագիծը 2013 թվականին բերվել է ԱԺ և մերժվել։ Epress.am֊ի հետ զրույցում պատգամավորներից մի քանիսը պատճառաբանել են, որ նման օրենքի անհրաժաշետություն չկա։
«Այս ոլորտում գործող օրենք մշակելու համար պետք է [խնդիրը] մասնագետների հետ քննարկել։ Տարիներով կանանց պաշտպանություն իրականացնելով՝ այդ մասնագետները մեծ փորձ են ձեռք բերել։ Եթե այսքան ռեսուրս կա երկրում, Կառավարությունը պետք է այդ մասնագետներին ներգրավի օրենքի մշակման պրոցեսում», ֊ ասել է հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ օրենքի ընդունումը հրատապ է, քանի որ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ֊ները չեն կարող բռնության բոլոր հետևանքների դեմ պայքարել։
«Նախ, ՀԿ֊ները չեն հասցնում։ Եվ ի վերջո, հարցեր կան, որ մենք չենք էլ կարող լուծել, օրինակ, ընտանեկան բռնությունից տուժած ընտանիքների երեխաների կրթության հարցը, տուժածներին նպաստներ տալու հարցը, նրանց ռեաբիլիտացիան և այլն», ֊ ասել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ այսօրվա երթը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից անցկացվող գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում առաջին միջոցառումն էր։