«Անելիք» բանկի իրավաբանական վարչության պետ, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության մեջ կասկածվող Մկրտիչ Պողոսյանը նոյեմբերի 25-ին ձերբակալվել է և հարցաքննվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Աթանյանի սպանությունը տեղի է ունեցել Երևանում՝ նոյեմբերի 24-ի երեկոյան. նախնական տվյալներով՝ Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ նրա թիկունքի ուղղությամբ կրակել են որսորդական հրացանից։ Աթանյանը տեղում մահացել է, իսկ առերևույթ հանցագործություն կատարած անձը հրացանը դրել է տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկում, նստել ղեկին և հեռացել։ Պարզվել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 54 տարեկան Մկրտիչ Պողոսյանն է և դեպքի պահին եղել է իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով:
Նա հանդիսացել է այն բանկի հաճախորդը, որտեղ աշխատել է Աթանյանը։
Նախնական տվյալներով՝ 54-ամյա տղամարդը բանկի հետ ունեցել է գույքային վեճ, ինչի կապացությամբ նախկինում մի քանի անգամ հանդիպել է բանկի իրավաբանական վարչության պետին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեպքի օրը՝ բանկում, որից ժամեր անց տեղի է ունեցել սպանությունը։