Եզդիական համայնքի ներկայացուցիչները պահանջում են բացահայտել այս տարվա հոկտեմբերի 15-ին Երևանի Սիլիկյան թաղամասի բնակիչ Շիրին Ալիյանի և նրա կնոջ՝ Թառլան Սադայանի հանդեպ կատարված ավազակային հարձակումը։ Այս պահանջով համայնքի մի քանի անդամներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել նախագահի նստավայրի մոտ։
Ըստ ակցիայի մասնակիցների՝ նշված օրը մի խումբ անձինք ներխուժել են Ալիյանի տուն և, դանակով սպառնալով, հափշտակել են 20 հազար եվրոյի չափով գումար։ Հարձակվողները նաև ծեծի են ենթարկել ամուսիններին, իրենց հետ տարել են նաև ոսկյա զարդեր, տակնուվրա արել տան 2 հարկերը:
«Մինչև էսօր մեզ շան տեղ չէին դնում։ Գնում էինք ոստիկանություն, դուռը փակ էր լինում, բայց այսօր, որ իմացել են՝ գալիս ենք ցույցի, կանչել էին բաժանմունք։ Հանցագործների նկարները կան, բայց մեզ ցույց չեն տալիս։ [Ոստիկանը] ասում ա՝ նկարները որ ցույց տանք, կգնաք, իրար կսպանեք։ Մեռնեմ օրենքին, թող օրենքը տանի դատի, թեկուզ մենք չիմանանք՝ ովքեր են։ Քննիչն ինձ ասում ա՝ ես քեզանից լավ գիտեմ՝ ով ա։ Բա որ գիտես ով ա, ինչի՞ չես նստացնում։ Եթե թալանողը հայ լիներ, վաղուց բռնել էին, բայց եզդիները փող ունեն, կաշառում են ու ազատվում։ Գողերը եզդիներ կլինեն, ուրիշ ոչ ոք չէր անի», – Epress.am -ի հետ զրույցում ասել է Շիրին Ալիյանը։
Նա նշել է, որ իրեն այսօր կանչել էին ոստիկանության բաժանմունք և ասել, որ նախագահականի դիմաց բողոքի ակցիա չանցկացնեն։
«Ինչի՞ պիտի չբողոքեմ։ էս 2 ամիս ա՝ մեկը ձեռը դրել ա էս գործի վրա ու չի թողում, որ բացահայտվի։ Էսօր էլ կանչել էին բաժին, որ իբր նկարները ցույց տային, բայց ոչ մի բան ցույց չտվեցին ու ինադու ձգձգում էին, որ ուշանայինք ու ստեղ չգայինք։ Ես խնդրում եմ պարոն նախագահին, որ այս գործը բացահայտեն, թե չէ ես կգնամ, սահմանը կանցնեմ, կգնամ Թուրքիա կամ պալատկեն կբերեմ, ստեղ կխփեմ կնոջս հետ կմնամ ստեղ։ Մենք էլ ենք Հայաստանի ժողովուրդը», ֊ նշել է տուժողը։
Ցույցի մասնակից, «Զագրոս» թերթի խմբագիր Ալիխանե Մամեի համոզմամբ՝ այս գործը ստանում է նաև ազգային խտրականության երանգներ․ «Սա շատ պարզ գործ է, և հնարավոր է՝ շատ արագ բացահայտել, որովհետև կան և՛ հանցանշանները, և՛ վկաները, բայց գործը բացահայտելու համար ոչ մի բան չի արվում»։
Ալիյանին սատարող Մնաց Քոչիկյանը պատմել է, որ 2 տարի առաջ նմանատիպ դեպք իր հետ էլ է պատահել․ «2013 թվականին մեր տունն էլ ներխուժեցին, թալանեցին, ծեծեցին, քանդեցին տունը։ Մոտ 10 միլիոնի (դրամ) վնաս տվեցին, բայց գործը մինչև հիմա չի բացահայտվել, և ստիպված այս քայլին ենք գնում։ Եթե մտնում են հայի տուն, 1000 դրամ են գողանում, հաջորդ օրը բացահատում են, իսկ մերը չեն բացահայտում»։
Բողոքի ակցիայի ընթացքում նախագահականի մոտ էր եկել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի տեղակալը, ով Epress.am֊ի լրագրողի խնդրանքին ի պատասխան՝ հրաժարվեց ներկայանալ։ Նա ասաց միայն, որ եկել է, որպեսզի տուժողներին ներկայացնի քննչական գործողությունները։
Ակցիայի ավարտին Ալիյանը և Սադայանը իրենց բողոք֊դիմումը հանձնեցին նախագահականի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժին։