Home / Տեսանյութեր / ԿԸՀ֊ն որոշեց՝ Սահմանադրության նախագիծն ընդունվել է

ԿԸՀ֊ն որոշեց՝ Սահմանադրության նախագիծն ընդունվել է

Նոր Սահմանադրության նախագծի օգտին քվեարկել է 825 622 ընտրող կամ քվեարկության մասնակիցների 63.35 տոկոսը։ Այս մասին վկայում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները։ Դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի 32.17 տոկոսը, ինչը բավարար է, որպեսզի Սահմանադրության նախագիծն ընդունված համարվի։ Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 35֊րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, «հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը»:

Այդ հոդվածում փոփոխությունն Ազգային ժողովի կողմից կատարվել է այս տարվա հունիսի 10-ին․ նախկին խմբագրմամբ «մեկ քառորդը» բառերի փոխարեն նշված էր «մեկ երրորդը»։ Օրենքի նախկին տարբերակի դեպքում Սահմանադրության նախագիծը չէր անցնի։

ԿԸՀ֊ի տվյալների համաձայն, Սահմանադրության նախագծին դեմ է քվեարկել 421 593 քաղաքացի, այն է՝ քվեարկության մասնակիցների 32.35%֊ը։ Անվավեր է ճանաչվել 53 323 քվեաթերթիկ։

Նշենք, որ հանրաքվեի ընթացքում դիտորդները, լրագրողները, վստահված անձինք արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մարդկանց ահաբեկման, քվեարկողների ուղղորդման, լցոնման, գումար բաժանելու, լրագրողների և դիտորդների վրա ճշման, բռնություն կիրառելու դեպքեր։

Համաձայն Սահմանադրության նախագծի, Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։ Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։