Home / Տեսանյութեր / ՀԱԿ խմբակցության ղեկավարը հանրաքվեից հետո հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավարը հանրաքվեից հետո հայտարարել է ԱԺ նիստերը բոյկոտելու մասին

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում մեկնարկած հերթական քառօրյայի սկզբում հայտարարել է խմբակցության կողմից նիստերը բոյկոտելու մասին։

Դիմելով ՀՀԿ֊ականներին՝ Զուրաբյանը նշել է, որ դեկտեմբերի 6-ին անցկացված Սահմանադրության նախագծի հանրաքվեից հետո այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ «մենք չենք կարող ձեզ հետ նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել»:

«Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն: Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում….»:

Զուրաբյանի ելույթին միջամտել է ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ֊ական Գալուստ Սահակյանը՝ հայտարարելով, որ իրենք հակառակ տեսակետն ունեն և խնդրելով անջատել ՀԱԿ պատգամավորի խոսափողը։

ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը հետևել է Սահակյանի հրահանգին՝ Զուրաբյանի ելույթն անավարտ թողնելով, որից հետո ԱԺ դահլիճը լքել են 7 հոգանոց ՀԱԿ խմբակցության 3 պատգամավորներ, որոնք ներկայացնում են «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը: