97՝ կողմ, 12՝ դեմ և 3՝ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր ընդունեց 2016 թվականի պետական բյուջեն։
«Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խմբակցության անունից հայտարարել է, որ իրենք հրաժարվում են մասնակցել քվեարկությանը․ «Բյուջեի մասին մեր գնահատականը հայտնի է. ցուցանիշներն աննախադեպ համեստ են։ Այս դեպքում, երբ գերկարևոր է դառնում կառավարման արդյունավետությունը կտրուկ որակապես բարձրացնելը։ Քանի որ լինելու են հերոսաբար «դեմ» և հերոսաբար «կողմ» քվեարկողներ, մեր խմբակցությունն այս բյուջեին ուղղակի չի քվեարկի»։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ, արձագանքելով Վարդանյանի հայտարարությանն, ասել է. «Ես կարծում եմ, որ այստեղ հերոսության դրսևորման շքահանդես չէ և ԲՀԿ-ն ոչ թե հերոսաբար, այլ սթափ, պրագմատիկ քվեարկում է «կողմ»»։
Բյուջեին կողմ են քվեարկել նաև իշխող Հանրապետական կուսակցության պատգամավորները։