հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախագահականի մոտ բողոքողներն ապաստան խնդրեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատնից

Նախագահականի մոտ բողոքողներն ապաստան խնդրեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատնից

Ոստիկաններն այսօր կրկին արգելել են ՀՀ նախագահի նստավայրի կենտրոնական մուտքի մոտով անցնել ամեն հինգշաբթի ակցիա անցկացնող բանակում զոհված զինվորների ծնողներին։ Սա արդեն երկրորդ անընդմեջ շաբաթն է, երբ ոստիկանները կտրականապես հրաժարվում են թույլ տալ ծնողներին անգամ քայլել նստավայրի դարպասի կողքով։

Եթե նախորդ անգամ ոստիկաններն արգելելը բացատրել էին նախագահական նստավայր պատվիրակության ժամանմամբ, ապա այսօր նրանք ոչ մի բացատրություն չեն տվել՝ պարզապես փակելով ծնողների ճանապարհը:

2010 թվականին Լեռնային Ղարաբաղում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, դուրս է եկել Բաղրամյան պողոտայի երթևեկելի մաս, սակայն ոստիկանները հրելով հեռացրել են նրան դեպի մայթ։

Ոչ մի կերպ չկարողանալով շրջանցել ոստիկանների օղակը՝ ծնողները նախագահական նստավայրից մի քանի մետր վերև են բարձրացել՝ դիմել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։ 2010 թվականին զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, դեսպանատան աշխատակցին ասել է, որ իրենք ուզում են ապաստան խնդրել։

Զոհվածների ծնողներին դեսպանատան դռան մոտ հանդիպել է Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայըս Մորզը (լուսանկարում): Վերջինիս պատմել են, որ իրենց որդիների սպանության գործերն արդար քննելու պահանջը տարիներ շարունակ անտեսվում է, և իրենք այլ ելք չունեն, քան ապաստան խնդրել։

«Ուզում ենք, որ մեր ձայնը լսելի լինի», ֊ ասել է 2007 թվականին զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Փոխդեսպանը խնդրել է զոհվածների ծնողներին իրենց պահանջը գրավոր դեսպանատուն ներկայացնել: Մորզը խոստացել է մայրերի նամակն անպատասխան չթողնել, սակայն նշել է, որ իրենք ոչ մի կոնկրետ բանով օգնել չեն կարող:

Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հետո ծնողները նույն պահանջով դիմել են նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ, որտեղ իրենց նույնպես խնդրել են գրավոր դիմում ներկայացնել:

Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում զոհված զինծառայողների ծնողներն ասել են, որ հետագայում ցանկանում են նաև դիմել այլ երկրների դեսպանատներ։