«Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Գևորգ Սաֆարյանը 2016 թվականի առաջին քաղբանտարկյալն է։ Այս մասին նշվում է «Իրավունք և աջակցություն» նախաձեռնության տարածած հայտարարության մեջ։ Նախաձեռնությունն ընդգծում է, որ Սաֆարյանն ինքն իրեն նույնպես քաղբանտարկյալ է համարում։ Համաձայն նախաձեռնության՝ հունվարի 1-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված Սաֆարյանն ինքն է ոստիկանների բռնության զոհ դարձել, իսկ նրա դեմ մեղադրանքները հիմնված են միմիայն ոստիկանի ցուցմունքի վրա։
Նշենք, որ «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամները հունվարի 1-ին Ազատության հրապարակում ցանկացել են տոնածառ տեղադրել, սակայն ոստիկանության աշխատակիցներն արգելել են դա անել և տապալել այն: Ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցած բախումներից հետո Գևորգ Սաֆարյանին և 4 ակտիվիստների բերման են ենթարկել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Գևորգ Սաֆարյանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանության հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը: «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչները պնդում են, որ Սաֆարյանի վրա վնասվածքների հետքեր են եղել, նրա նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանները։ Նախորդ դեպքում Սաֆարյանը ձերբակալվել էր ապրիլի 24-ից առաջ՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով, ապա ազատ արձակվել ստորագրության դիմաց։
Հունվարի 3-ի դատարանի վճռով Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը: Մնացած ակտիվիստներն ազատ են արձակվել: Դատական նիստի ժամանակ Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում․ նա պահանջել է իրեն մենախուց տրամադրել։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշել է, որ նախկինում կալանավորված լինելու ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ֊ում իր պաշտպանյալի նկատմամբ բռնություններ են եղել:
«Իրավունք և աջակցություն» նախաձեռնության գնահատականի հետ համաձայն է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։ 1in.am֊ի հետ զրույցում նա ասել է․ «Միանշանակ կարող եմ հայտարարել, որ մենք ունեցանք հերթական քաղբանտարկյալը, քանի որ հրապարակում այնպիսի գործողություն չէր եղել, որի համար կարելի էր մարդ կալանավորել»։
««Նոր Հայաստան» նախաձեռնության անդամները ոչ մի վտանգ չէին ներկայացնում Ազատության հրապարակում, և Ոստիկանության կողմից Ամանորի գիշերը տեղի ունեցավ ավելորդ ուժի կիրառում, որը կարելի է համարել սադրանք», ֊ նշել է իրավապաշտպանը։
Սաֆարյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ նրա ձերբակալությունը որակելով որպես քաղաքական հետապնդում և պահանջելով անհապաղ ազատ արձակել Սաֆարյանին:
Հունվարի 5-ին «Նոր Հայաստան»֊ը մեկ այլ դեպքի մասին է ահազանգել: Ըստ շարժման հայտարարության՝ հարձակվել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից Սյուզի Գևորգյանի վրա և ծեծի ենթարկել նրան:
«Հունվարի 5-ին, ժամը 19-ի սահմաններում միջին տարիքի երկու ամրակազմ տղամարդիկ հետապնդել են «Նոր Հայաստան» ճակատի աջակից, ռուսաստանաբնակ Սյուզի Գևորգյանին, այնուհետև, վրա հասնելով, գետին են տապալել և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Երիտասարդ աղջնակի վրա հարձակվողները հեռացել են միայն այն ժամանակ, երբ նրա օգնության կանչերի վրա մարդիկ սկսել են մոտենալ: Հարվածներ հասցնելու ժամանակ հարձակվողներն ասել են, թե «քեզ ասացինք, որ հեռու մնաս, ինչո՞ւ չլսեցիր»», ֊ նշված է հայտարարության մեջ: