2015-ի վերջին-2016-ի սկզբին Հայաստանում գրանցվել է խոզի գրիպից մահացության 6 դեպք: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Նա հավաստիացրել է, որ երկրում դեռ համաճարակ չկա և պետք չէ խուճապի մատնվել, այլ պետք է զգոն լինել ու առողջական խնդիրների դեպքում անհապաղ դիմել բժշկի՝ հետագա բարդացումներից խուսափելու համար:
Ըստ փոխնախարարի՝ չի կարելի խոզի գրիպը բուժելու համար նախատեսված «Տամիֆլու» դեղամիջոցն օգտագործել առանց բժշկի նշանակման: Նա նշել է, որ այդ դեղը ոչ թե կանխարգելող, այլ արդեն առկա հիվանդությունը բուժելու միջոց է:
Լրագրողների այն հարցին, թե ինչու են կտրուկ աճել դեղերի գները, իսկ «Տամիֆլու» դեղամիջոցն ընդհանրապես բացակայում է դեղատներում, փոխնախարարը պատասխանել է. «Նախ «Տամիֆլու» դեղն ինքնուրույն օգտագործելն արգելվում է, իսկ հիվանդանոցներին այդ դեղամիջոցը տրամադրվել է: Բացի դա, այս դեղին փոխարինող բազմաթիվ այլ դեղամիջոցներ կան:
Ինչ վերաբերում է դեղերի գնի աճին, կարող եմ վստահեցնել, որ մենք դիմել ենք Տնտեսական մրցակցության հանձնաժողովին, որ որոշ բիզնեսմեններ չփորձեն օգտվել իրավիճակից և իրենց ապրանքը չթանկացնեն դեղատներում: Իսկ «Տամիֆլու» դեղն ամբողջ աշխարհում արտադրում է մի կազմակերպություն, իսկ Հայաստան ներկրում են 3 կազմակերպություններ, ինչը նշանակում է, որ կա մրցակցություն»:
Պողոսյանը ներկայացրել է նաև նախարարության տվյալները. վերջին շրջանում Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով հոսպիտալացման ավելի քան 650 դեպք, որից 219-ը` թոքաբորբ:
«Հանրապետության բոլոր վերակենդանացման բաժանմունքներում այսօր գտնվում է 77 հիվանդ, որից 4–ի մոտ հաստատվել է խոզի գրիպ հիվանդությունը, իսկ մի քանիսն էլ դեռ հետազոտման փուլում են»,- ասել է Առողջապահության փոխնախարարը: