2015 թվականին ՀՀ Զինված ուժերում և Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում գրանցված 58 միջադեպերի հետևանքով մահացել է 76 զինծառայող: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից հունվարի 9-ին հրապարակված տեղեկանքում։
«Բացի նշվածից՝ գրանցվել են ևս 4 հայ զինծառայողների մահացության դեպքեր, որոնցից 2-ը ՀՀ-ում ռուսական զորքերի զինծառայողներ էին, 1-ը՝ ՀՀ ԶՈՒ զինծառայող, որը, ըստ ՀՀ ՊՆ-ի, մահվան պահին արձակված է եղել պահեստազոր, իսկ 1 զինծառայողի մահվան դեպքը կապված չէ զինվորական գործունեության հետ (Տավուշի մարզի Բերդ քաղաքի զինվորական կոմիսարի սպանությունն է՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համագյուղացու կողմից)», ֊ նշում են տեղեկանքի հեղինակները:
Իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է, որ 2014 թվականին գրանցվել էր 45 մահացության դեպք՝ 41 միջադեպի հետևանքով:
Համաձայն ուսումնասիրության տվյալների՝ 2015թ. մահացության 76 դեպքերից 41-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 3-ը՝ սպանության (1-ը՝ դիտավորյալ, 2-ը՝ մարտական ծառայության կանոնների խախտման), 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 1֊ը` մարտական ծառայության կանոնների խախտման, 21-ը՝ դժբախտ պատահարի (19 ավտովթար, 1 նռնակի պայթյուն, 1 դեռևս չճշտված հանգամանքներ), 4-ը՝ առողջական խնդիրների հետևանքով:
Հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 41 մահացության դեպքից 34-ը տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, իսկ 7-ը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում:
Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ