2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են ընդդիմադիր «Նոր Հայաստան» նախաձեռնության համակիր, 16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Նոր Հայաստան»֊ը՝ նշելով, որ Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է։
«Ծեծից առաջ նրանք վեճ են հրահրել՝ բացահայտ կերպով նշելով, որ Հովհաննեսը ճիշտ ուղի չի ընտրել և պետք է հրաժարվի դրանից», ֊ նշված է շարժման տարածած հայտարարության մեջ:
«Ոչ միայն իրավունքի, այլև մարդկային բարոյականության նորմերի այսքան ցուցադրական զանցառումը վկայում է այն մասին, որ հանրաքվեն կեղծելուց հետո վարչախումբն այլևս սպառել է տարիներ շարունակ կիրառվող կեղծ ժողովրդավարության բոլոր ռեսուրսները և արդեն փորձում է իր գոյությունը պահպանել մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և համատարած ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու միջոցով», ֊ նշում է «Նոր Հայաստան»֊ը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին էլ հարձակվել էին «Նոր Հայաստան» շարժման աջակից Սյուզի Գևորգյանի վրա և ծեծի ենթարկել նրան: