Հյուսիսային պողոտային հարակից Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներից մի քանիսը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունից իրենց բնակարանները լքելու պահանջով ծանուցագրեր են ստացել։ Ինչպես Epress.am֊ի հետ զրույցում ասել է Տերյան 23 հասցեում բնակվող Վարդան Գերավետյանը, իրենք, սակայն, չեն պատրաստվում լքել բնակարանները՝ վստահ լինելով, որ դատարանի վճիռն ապօրինի է։
Նշված շենքերը պետությունը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչել՝ տարածքը հանձնելով «Լոքալ Դեվելոփերզ» ՍՊԸ֊ին, որի սեփականատերն է գործարար Սամվել Մայրապետյանը։ Գերավետյանը պնդում է, որ այդ շենքերը չէին կարող բացառիկ գերակա հանրային շահ ճանաչվել, քանի որ դրանց փոխարեն Մայրապետյանը պատրաստվում է հյուրանոց կառուցել, որի նախագիծն էլ չի ներկայացվել․ բացի դա, չկա ոչ մի բացատրություն՝ ինչու է նման կառույցը գերակա հանրային շահ։
«Նպատակը, թե ինչու պետք է դուրս գանք մեր բնակարաններից, մենք չենք հասկանում: Մայրապետյանը այնտեղ հյուրանոց է կառուցում շահույթ ստանալու համար: Այսինքն՝ դա բիզնես է: Ո՞ւմ է նա այնտեղ տուն տալո՞ւ՝ ազատամարտիկների՞ն է տալու, Գյումրիի անօթևանների՞ն է դոմիկներից բերելու այնտեղ բնակեցնելու: Ի՞նչ համապետական խնդիր է լուծելու: Ո՞րն է այստեղ բացառիկ գերակա հանրային շահը: Օրենքը հստակ սահմանում է, որ պետք է լինի համապետական կարևորության նախագիծ, ինչն այս դեպքում առկա չէ», ֊ ասել է Տերյան 23-ի բնակիչը։
Գերավետյանի խոսքով՝ նշված շենքերի բնակիչները պատրաստվում են պայքարել իրենց սեփականության իրավունքի համար, անգամ դիմել արմատական միջոցների․ «Ես ի սկզբանե գիտեի, որ դատարանում հաջողության չենք հասնի։ Դիմել ենք դատարան, որ սպառենք բոլոր հնարավոր իրավական պայքարի մեթոդները, որից հետո իրավունք կստանանք մեր իրավունքերը և արժանապատվությունը պաշտպանել սեփական միջոցներով: Տարբեր դատարանների 13 դատավոր գտնում է, որ պետք է մարդկանց ձեռքից սեփականությունը ապօրինի ձևով խլվի: Այսինքն՝ քաղաքացուն ոչինչ չի մնում, քան դիմել ինքնապաշտպանության:
Բացի դա, տարբեր քաղաքացիական շարժումներ պատրաստակամություն են հայտնել բնակիչներին այդ հարցում օգնել: Մինչև բերման չենթարկեն ու ձերբակալումներ չլինի, մեզ հետ հաշվի չեն նստի: Չի բացառվում, որ մենք Տերյան փողոցը և Հյուսիսային պողոտան փակենք»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու բնակիչները չեն համաձայնում Մայրապետյանի ընկերության առաջարկած տարբերակին՝ բնակարան ստանալ մոտակայքում կառուցված շենքերից մեկում կամ գումարային փոխհատուցում վերցնել բնակարանների դիմաց, Գերավետյանը նշել է, որ դրանք ապօրինի առաջարկներ են։ Նրա խոսքով՝ նախ, իրենք չեն ցանկանում քննարկել այլ տարբերակներ, քանի որ ապացույցներ չկան, թե իրենց շենքերը քանդվում են գերակա հանրային շահի համար։ Բացի դրանից, Մայրապետյանի ընկերության առաջարկած փոխհատուցման չափը ցածր է շուկայական գներից, իսկ 2014 թվականին առաջին անգամ տարածքների գնահատումն իրականացրած «Անիկոմ» ընկերությունն այդ պահի դրությամբ անգամ լիցենզիա չի ունեցել։ Բնակիչը նշել է, որ երկրորդ գնահատումն իրականացվել է 2015 թվականին, երբ նույն ընկերությունն արդեն հասցրել էր նման գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալ, սակայն ընկերության ներկայացուցիչները բնակարաններ չեն մտել, և անկախ շենքի հարկից բոլորին գրեթե նույն գինն են առաջարկել՝ 1քմ֊ի դիմաց մոտ 800 դոլար։
«Եվ դա Հյուսիսային պողոտայի հարակից փողոցում գտնվող շենքերում բնակարանների դիմաց։ Շենքեր, որոնք առաջին գծում են գտնվում», ֊ ասել է Գերավետյանը։
Ինչ վերաբերում է Պուշկին փողոցում գտնվող այն շենքին, որտեղ իրենց բնակարան են առաջարկել, ապա դրա կառուցման դեմ բողոքել էին հարակից շենքերի բնակիչները՝ անգամ դատարան դիմել։ Շինարարության ընթացքում ոչնչացվել էր մանկական խաղահրապարակ, կտրվել էին բազմաթիվ ծառեր։ Գերավետյանը նշել է, որ անբարոյական կլիներ այնտեղ բնակարան վերցնեին մարդիկ, ովքեր իրենց շենքի դեպքում ապօրինությունների դեմ են պայքարում։
«Նաև պետք է նշել, որ Սամվել Մայրապետյանը ստախոս է։ Նա այդ շենքը կառուցելիս ապօրինաբար հարկերից է ազատվել, քանի որ նշել է, որ մեր խնդրանքով, մեր համար շենք է կառուցել, որպեսզի փոխհատուցում տա։ Մենք նման խնդրանքով չենք դիմել, նման համաձայնություն չենք տվել, հակառակը՝ դեմ ենք եղել։ Երկրորդը՝ շենքը կառուցված է ոչ համարժեք։ Մեր բնակարանների առաստաղը 3,3 մետր է, այնտեղ 2,75։ Մեր շենքի պատերը հաստ են՝ ձմռանը հեշտ տաքացվում է, ամռանը՝ հով է, մինչդեռ նրա կառուցած շենքի պատերը շատ բարակ են», ֊ ասել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ իրենց բնակարանները պահպանելու համար պայքարում են Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեների ավելի քան 25 բնակարանատերեր:
Խնդրո առարկա շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։