Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ դեվելոփերս» ընկերության հայցը՝ պարտավորեցնելով Տերյան 25 (Հյուսիսային պողոտա) շենքում բնակվող Հեղինե Ուդումյանին և Կիմա Վարդանյանին երկամսյա ժամկետում լքել իրենց բնակարանները։ Այս մասին դատական վճռի հրապարակումից հետո Epress.am֊ին հայտնել է Տերյան 23 շենքում բնակվող, բնակիչների բողոքի ակցիաների մասնակից Վարդան Գերավետյանը (լուսանկարում)։
Դատավոր Արա Մելքումյանը մերժել է քաղաքացիների հակընդդեմ հայցը, որով նրանք պահանջում էին հարգել սեփականատիրոջ իրենց իրավունքը։
Գերավետյանի խոսքով՝ քաղաքացիները բողոքարկելու են դատավճիռը, սակայն քանի որ նմանատիպ այլ գործերը դեռ ընթացքում են, ապա այս հարցի շուրջ առաջին դատավճիռը հուշում է, որ դատարանները մյուս գործերով էլ, հնարավոր է, ընկերության օգտին վճիռ կայացնեն։
Հիշեցնենք, որ իրենց բնակարանները պահպանելու համար պայքարում են Տերյան 23, 25, Լալայանց 37 հասցեների ավելի քան 25 բնակարանատերեր: Ավելի վաղ նրանք նամակներ էին ստացել այն մասին, որ իրենց բնակարանները չեն կարող վաճառել ոչ մեկին, բացի «Լոքալ Դեվելոփըրզ» ընկերությունից: Վերջինս Տերյան 25-ի բնակիչներին հարակից տարածքում գտնվող շենքերից մեկում բնակարաններ է առաջարկում, սակայն մարդիկ պնդում են, թե այնտեղ շենքային պայմանները նույնքան լավը չեն, որքան իրենց շենքում։ Որպես այլընտրանք կառուցապատողը նշում է, որ օրենքով սահմանված գումար է առաջարկում՝ շուկայական գնին գումարած 10 տոկոս: Բնակիչները, իրենց հերթին, պնդում են, թե ընկերությունն իրենց առաջարկում է շուկայականից 2.5 անգամ ցածր գին։
Խնդրո առարկա շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։