հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Պաշտոնյաները խաբված բնակիչների խնդրով չզբաղվելու պատճառաբանություն ունեն

Պաշտոնյաները խաբված բնակիչների խնդրով չզբաղվելու պատճառաբանություն ունեն

Երևանի կենտրոնում Հյուսիսային պողոտայի կառուցման հետևանքով իրենց տներից զրկված բնակիչները չեն կարողանում փոխատուցում ստանալ, քանի որ Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է նրանց ընդունել՝ ուղարկելով ՀՀ նախագահի և վարչապետի մոտ։

Այս մասին Epress.am֊ին ասել է նախկին բնակարանատեր Ժենյա Պողոսյանը, ով այսօր մասնակցում էր 10 ընտանիքների կողմից կազմակերպված բողոքի ակցիային նախագահական նստավայրի մոտ։

«Մեզ Տարոն Մարգարյանն ասում է՝ ես բյուջե չունեմ, իմ գործը չի, իմ իրավասություններից դուրս է, գնացեք վարչապետի մոտ, նախագահի մոտ։ Ասում են՝ 10 տարվա վաղեմության ժամկետը անցել է, ձեր հարցը փակված է։ էդ ո՞նց ա Ցեղասպանությունը 100 տարի է անցել է, փակված չի, մեր հարցը՝ 10 տարվա է, փակված է», ֊ ասել է Պողոսյանը։

Բնակարանատիրոջ խոսքով՝ քաղաքապետարանից ասում են, որ Հյուսիսային պողոտայի մասին որոշումը կայացվել է այն տարիներին, երբ քաղաքապետ էր Երվանդ Զախարյանը։

«Զախարյանն էլ հիմա հեռուստացույցով ելույթ է ունենում, ասում է՝ ինձ հիմա հարցրեք միայն իմ նախարարությունից՝ էներգետիկայից», ֊ նշել է բողոքող բնակիչը։

Բնակարանատերերը պատմում են, որ տներից զրկված մարդկանցից մի քանի տարեցներ մահացել են, ոմանք նաև անտուն մնալու հետ կապված հոգեկան ապրումներից, մյուս մասը մեկնել է Ռուսաստան։

«Մնացել ենք 10-12 ընտանիք, թող մեր հարցը լուծեն։ Մենք արդեն 10 տարի է փողոցներում պայքարում ենք։ Մեզ տվեցին 400 դոլար քառակուսի մետրի համար, իրենք վաճառում են 4000 դոլարով։ Էդ ժամանակ էլ բնակարանների գները բարձրանում էր, մենք չկարողացանք մեզ տուն առնել»,֊ասել է Պողոսյանը։

ՀՀ նախագահի նստավայրի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանն ընդունել է ակցիայի մասնակիցներին և ասել, որ իրենց հարցով դիմել է քաղաքապետարանին։

«Մեզ Ասատրյանն ասաց, որ քաղաքապետարանից պատասխանը կգա մայիսի 10֊ին, այդ ժամանակ էլ մեզ կպատասխանեն», ֊ Epress.am-ին հայտնել է Պողոսյանը։

Նշենք, որ Հյուսիսային պողոտան սկսել է կառուցվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք։ Տվյալ տարածքը ճանաչվել է հանրային գերակա շահ, և այդ հատվածում բնակվող շենքերի և տների բնակիչների մեծ մասը բռնի կերպով տեղահանվել է։ Նրանք հրաժարվում էին լքել իրենց տները՝ դժգոհելով փոխհատուցման չափից, որը մի քանի անգամ ավելի ցածր է եղել, քան Երևանի կենտրոնում տարածքների գինն էր։ Այնուամենայնիվ, Հյուսիսային պողոտայի ներկայիս տարածքի գրեթե բոլոր հին շենքերը քանդվել են, իսկ բնակիչները տեղահանվել են։