Հունվարի 19-ին վաղ առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցի խանութներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. անհայտ անձը պայթեցրել է խանութի ապակին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը: Խանութի սեփականատերը պայթյունը կազմակերպելու մեջ կասկածում է ԱԺ ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։
Խանութի սեփականատեր Սուսաննա Հովեյանը թերթի հետ զրույցում պատմել է, որ առավոտյան ժամը 7-ին խանութի անվտանգության ազդանշանների միանալուց հետո է եկել խանութ ու պարզել, որ խանութի ապակին կոտրված է, ներսում էլ պայթուցիկ սարք կա: Ըստ տիկնոջ՝ սա առաջին դեպքը չէ. նրա խոսքով՝ երկու օր առաջ էլ անհայտ մարդիկ փորձել են գազի բալոններով պայթեցնել խանութը:
«Գազի բալոնների վրա էլ երկու TT-ի փամփուշտ, պահակը նկատել է և կանխել է»,- ասել Հովեյանը։ Թերթի թղթակցի հարցին, թե ո՞ւմ եք կասկածում կատարվածի մեջ, Հովեյանն ասել է․ «Ես կասկածում եմ շատերին, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատագամվոր Սամվել Ալեքսանյանին: Ես ոստիկաններին էլ եմ ասել»:
Նա նշել է, որ խանութի տեսախցիկները ֆիքսել են դեպքը. «Դիմակավորված մի անձ է, բերում է, ինչ-որ սարք է ապակու վրա դնում, ինչ-որ թել է քաշում երկու անգամ, երրորդ անգամից նոր պայթում է ապակին: Ոստիկաններն եկել են, առգրավել են տեսախցիկները, սպասում եմ իրենց պատասխանին: Եթե չբացահայտվեց, ես հանգիստ չեմ նստելու, դիմելու եմ ամենավերին ատյաններին: Այլ բան չեմ ուզում խոսել»:
Խանութը փաստաթղթերով պատկանում է Հովեյանի ամուսնուն՝ Արսեն Արսենյանին, որը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի: Թերթը նշում է, որ որոշ տեղեկություններով, Արսենյանը ժամանակին աշխատել է Սամվել Ալեքսանյանի հետ։
«Թե ինչ խնդիրներ են ունեցել սեփականատերերը Ալեքսանյանի հետ, այս պահին հայտնի չէ: Խոսվում է ընդամենը, որ Արսենյանը, որը Ալեքսանյանի «գումար հավաքագրողներից» է եղել, խաբել է պատգամավորին, իսկ բոլորովին վերջերս որոշել է անկեղծանալ ու խոստովանել է արածը։ Ալեքսանյանն էլ, ըստ նույն խոսակցությունների, չի ներել նրան», ֊ գրում է թերթը։
Թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԺ պատգամավորից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում