հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Տղամարդը դստերը գոմում էր կապում. դատավորը «մեղմացուցիչ հանգամանքներ» գտավ

Տղամարդը դստերը գոմում էր կապում. դատավորը «մեղմացուցիչ հանգամանքներ» գտավ

Հունվարի 22-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը (լուսանկարում) վճռել է Արջուտ գյուղի բնակիչ Կարեն Խեչոյանին տուգանել 150 հազար դրամի չափով։ Խեչոյանը մեղադրվում էր կնոջը՝ Լուսինե Ղաբուզյանին, և անչափահաս դստերը՝ Մարուսյա Խեչոյանին, պարբերաբար բռնության ենթարկելու մեջ։ Տուժածների փաստաբան Լիանա Մանուսաջյանը վճիռը ծիծաղելի է որակել։ Լուսինե Ղաբուզյանը դատական նիստին ներկա չի եղել։

Հայրը դստերը դաստիարակում էր՝ գոմի մսուրից շղթայով կապելով

Ամբաստանյալ Խեչոյանը, ով ղարաբաղյան պատերազմի վետերան է, մեղադրվում էր տարիներ շարունակ կնոջը և երեխաներին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Նման վերաբերմունքի պատճառը կնոջ հետ ունեցած կենցաղային վեճերն են եղել։

«Ես ու էրեխեքս ռեժիմով ծեծ էինք ուտում: Էս էրեխեքը ամիսներով դպրոց չեն գնացել, մինչև կապտուկները լավանան», – իր փաստաբանին պատմել է Ղաբուզյանը:

Հերթական վեճից հետո հայրը մեծ դստերը՝ 16-ամյա Մարուսյային, շղթայով կապել է գոմի մսուրից: Նման գործողությունների միջոցով, ինչպես Խեչոյանն է նշել դատարանում, ինքը փորձել է դաստիարակել դստերը:

Մարուսյան փաստաբանին պատմել է հոր դաստիարակչական մեթոդներից ևս մեկի մասին. «Տրամադրում էր մամայի դեմ, ու մենք շատ է եղել, որ մամայի դեմ ցուցմունք ենք տվել ոստիկանությունում, եթե չանեինք, պապան մեր մատերը դնում էր վառարանի վրա ու վառում»:

Ամեն անգամ ծեծից հետո Լուսինեն փախել է Վանաձոր՝ իր հայրական տուն: Սակայն ամուսնու սպառնալիքներից վախենալով՝ կրկին վերադարձել է Արջուտ:

Վերջին ծեծից հետո Լուսինեն քթի կոտրվածքով, գլխուղեղի վնասվածքով և բազմաթիվ կապտուկներով ընկել է հիվանդանոց: Դուրս գալով հիվանդանոցից՝ նա աջակցության համար դիմել է «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությանը, որտեղ էլ նրան և 2 երեխաներին առանձին կացարան են տրամադրել։ Խեչոյանի հետ մնացել են ամուսինների մյուս 3 զավակները։

«Հայրենասեր ազատամարտիկը», «հայ ավանդապաշտ տղամարդն» իրեն մեղավոր չի համարում

Խեչոյանը, սակայն, դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, որ հայրենասեր ազատամարտիկ է, ով օրինապահ կյանք է վարում։

«Թքած ունեմ բոլորիդ վրա: Ես ոստիկանությունում եմ աշխատել, օրենքը լավ գիտեմ»,- երեկվա դատական նիստին հայտարարել է ամբաստանյալը՝ դիմելով Ղաբուզյանի շահերը պաշտպանող փաստաբանին և դահլիճում նստած կնոջ աջակիցներին ու լրագրողներին։ Նիստի ողջ ընթացքում Խեչոյանն իրեն ագրեսիվ էր պահում: Նա հայհոյանքներ և սպառնալիքներ է տեղացել, երբ Epress.am֊ի լրագրողը դատավորից թույլտվություն ստանալուց հետո սկսել է լուսանկարել դահլիճում նստածներին:

Դատարանում ներկայացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնք վկայել են, որ Խեչոյանի ավագ դստեր ճակատային հատվածում երեք և կես սանտիմետր տրամագծով արյան զեղում կա: Խեչոյանը չի ժխտել, որ դա իր «դաստիարակության» հետևանքն է:

«Մատով ճակատին սեղմել եմ, ասել՝ դուրս արի տնից, երբ կեղտոտ ձեռքերով տուն մտավ: Չեմ կարո՞ղ», – դատարանի դահլիճում բարձր գոռալով հաստատել է Խեչոյանը:

Մեղադրող դատախազ Արմեն Պողոսյանն այլ կարծիք է հայտնել: Նրա խոսքով՝ նման վնասվածքը չէր կարող մատի սեղման հետևանքով լինել: Նա նշել է, որ վնասվածքը բութ գործիքով հարվածի հետևանք է:

Դաստիարակման իր մեթոդները Խեչոյանը դատարանի դահլիճում հետևյալ կերպ է հիմնավորել. «Հայ ավանդապաշտ տղամարդ եմ ու աղջիկներս իմ տնից պետք ա կույս դուրս գան»:

Ինչպես է արձագանքել ոստիկանությունը

Լուսինե Ղաբուզյանը նշում է, որ ամեն անգամ, երբ հերթական բռնության դեպքից հետո ինքը դիմել է իրավապահներին, էլ ավելի է հուսահատվել:

Մասնավորապես, երբ ամուսինը դստերը կապել է գոմի մսուրից, Լուսինեն բողոքել է Վանաձորի ոստիկանության անչափահասների բաժին։ Ոստիկանությունում իրավապահները նախատել են կնոջը երեխային իր հետ բաժին բերելու համար․ «Ինչի՞ ես էս երեխուն բերել, հասցրել ստեղ։ Էսօր հոր դեմ ա դուրս գալի, վաղն էլ քո դեմ ա դուրս գալու»:

Դատարանի ծիծաղելի վճիռը

ՀՀ քրեական oրենսգրքի 117֊րդ (դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք պատճառելը) և 118֊րդ (Ծեծը) հոդվածներով մեղավոր ճանաչվածը կարող է տուգանվել կամ առավելագույնը երկու ամսվա կալանքի դատապարտվել։ Մեղադրող դատախազը պահանջել է Խեչոյանին տուգանել 250 հազար դրամի չափով. դատավորն էլ ավելի մեղմ վճիռ է կայացրել՝ 150 հազար դրամի տուգանք նշանակելով՝ հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքների առկայությունը։

Որպես մեղմացուցիչ հանգամանքներ դատախազը մեղադրականում նշել էր, որ Խեչոյանի խնամքի տակ 8 տարեկանից ցածր տարիքի երեխաներ կան, ինչպես նաև այն, որ մեղադրյալը նախկինում դատվածություն չի ունեցել։

Դատավորը, իր հերթին նշել է, որ Խեչոյանի անձը բնութագրող մի քանի փաստաթուղթ է ստացել համագյուղացիներից և ծառայակիցներից, ովքեր նրան բնութագրել են որպես կա՛մ «մելանխոլիկ», կա՛մ «շատ հայրենասեր» մարդ:

Ընտանիքի անդամներին պարբերաբար բռնության ենթարկող ազատամարտիկը «Երկրապահ կամավորականների միության» տեղի մասնաճյուղի կողմից նույնպես գովեստների է արժանացել: Երկրապահների բնորոշմամբ՝ Խեչոյանը «պարտաճանաչ մասնակցում է ազգային և հայրենասիրական բոլոր միջոցառումներին»:

Լիանա Մանուսաջյանն ասել է, որ տուժող կողմը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան՝ ավելի խիստ պատիժ պահանջելով:

«Նման աստիճանի հանցագործությունը ենթադրում է ավելի խիստ պատիժ, իսկ միայն տուգանքով ազատվելը՝ մեղմ ասած ծիծաղելի է»,- մեզ հետ զրույցում ասել է փաստաբանը:

Ինչու են Հայաստանում մեծ թվով ընտանեկան բռնության դեպքեր գրանցվում

Խնդիրն իր կարգավորումը չի ստանում, քանի որ, ըստ փորձագետների, Հայաստանի քրեական օրենսգրքում դեռևս չկան օրենքներ կամ ձևակերպումներ, որոնք կվերաբերեն կոնկրետ ընտանեկան բռնության դեպքերին:

Նման բոլոր դեպքերը կարգավորվում են քրեական օրենսգրքի 117 և 118 հոդվածներով: Այս դեպքերում պատիժը չափազանց մեղմ է, դատարաններն անգամ այդ հոդվածներով նախատեսված առավելագույն պատիժը՝ երկամսյա կալանքը, չեն կիրառում՝ մեղմացնելով վճիռները։

«Կանանց աջակցման կենտրոն»-ի տնօրեն Մարո Մաթոսյանի խոսքով՝ Հայաստանում գոյություն չունեն հատուկ մշակված, գենդերային զգայուն քաղաքականություն ընտանեկան բռնության զոհերի համար, չկան աջակցման մեխանիզմներ և գործիքներ, չկան կառավարության կողմից առաջարկվող ծառայություններ՝ զոհերի և նրանց երեխաների համար: Ոստիկանությունը, իր հերթին, անգործություն է ցուցաբերում, չկան դեպքերը քննելու և զոհերի հետ ճիշտ վարվելու մեխանիզմներ։ Սոցիալական ծառայությունների բաժինները ևս չունեն պատրաստված մասնագետներ: Մաթոսյանը նշում է, որ այս խնդիրների հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության մասին օրենքի բացակայությունն է։

Շահանե Խաչատրյան