5 տարի առաջ այս օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների ծնողներին խոստացել էր, որ նորանշանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը կզբաղվի զոհվածների քրեական գործերով և արդար դատաքննություն կիրականացվի։
Այսօր զոհված զինվորների ծնողները ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով կատարել խոստումը կամ ասել, որ այդ գործերն այլևս չեն բացահայտվելու։
Նրանք ընդգծել են, որ 5 տարիների ընթացքում ոչ մի գործի քննության հարցում դրական տեղաշարժ չի գրանցվել։
«Դե, թող ձեր նախագահն իջնի ու կատարի իր խոստումը։ Եթե էդքան տղամարդկություն ունի, թող իջնի, ասի՝ չեմ կարող կատարել խոստումը, որովհետև մեր գեներալներն ուր հրամանատարներն են հոշոտել ձեր որդիներին, որովհետև մարտի 1-ի նման փակուղի ենք մտցրել այս գործերը։ Ինքը ձեր նախագահն ա (դիմում է ոստիկաններին֊խմբ․), ոչ թե մերը, որովհետև եթե մեր նախագահը լիներ, մինչև հիմա կհանդիպեր մեր հետ, կտենար, թե ինչի համար են էսքան տառապում ու պայքարում էս մայրերը»,֊ ասել է 2007 թվականին բանակում զոհված Տիգրան Օհանջայնանի մայրը՝ Գոհար Օհանջանյանը։
Բողոքող ծնողներին ոստիկանները հորդորել են հեռանալ նախագահական նստավայրի դիմացից՝ նշելով, որ դա օրենքի խախտում է և մայրերը փակում են շենքի մուտքն ու խոչնդոտում նախագահական նստավայրի աշխատանքի բնականոն ընթացքը։
«Էդ ի՞նչ օրենքի մասին ա խոսքը, էդ օրենքը մենակ ձեր ու խուլիգանների համար ա՞ գործում։ Բա ինչի էդ օրենքը չի պատժում մեր երեխաներին սպանողներին, ինչի՞ մինչև հիմա ոչ մեկ պատասխան չի տվել։ Մենք սպասելու ենք էնքան, մինչև Սերժ Սարգսյանը իջնի ու մեզ պատասխան տա»,- ասել է 2010 թվականին բանակում զոհված Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը։
Ոստիկանները, շղթա կազմելով և հրելով, ծնողներին հեռացրել են նախագահականի դարպասի մոտից։
Մանրամասները՝ տեսանյութում․