Արագածոտնի մարզպետարանում մի քանի օր իր ընտանիքով բողոքի ակցիա անցկացրած Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Արայիկ Սարդարյանը վաղը դիմելու է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջով հետաքննել գյուղի նորակառույց շենքում, իր խոսքով, բնակարանների անօրինական բաշխման գործընթացը։ Սարդարյանը նշում է, որ իր ընտանիքն անապահով է և չունի սեփական կացարան, սակայն իրեն բնակարան չի հատկացվել, փոխարենը դրանք ստացել են անգամ այնպիսի մարդիկ, ովքեր Ծաղկահովիտում գրանցված չեն։
«Ամեն ինչ արդեն ակնհայտ է․ 1988 թվականին երկրաշարժից տուն կորցրածների համար հատկացված բնակարաններն անօրինական ձևով տվել են բնակարանի խնդիր չունեցող մարդկանց։ Դա հաստատել է նաև Ծաղկահովիտի գյուղապետը։ Նա փաստել է, որ որոշ մարդիկ մեր գյուղում, ովքեր արդեն ունեին բնակարան, նորից են տուն ստացել, փաստել է նաև, որ տուն ստացողների մեջ են եղել մարդիկ, ովքեր գյուղի բնակիչ չեն ու Աշտարակում են ապրում։ Կա նաև մարդ, որ իր 2 հարկանի տան գրանցումը փոխել ա ուրիշի անունով, ու նորից իրենց տուն են տվել։ Արդյուքնում մոտ 12 ընտանիք, ովքեր չպետք է տուն ստանային՝ ստացել են»,- այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարդարյանը։
Սարդարյանն ասել է, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ստել է լրագրողներին՝ ասելով, որ բոլոր բնակարանները հանձնվել են 1988 թվականին երկրաշարժից իրենց տները կորցրած մարդկանց։
Այն հարցին, թե արդյո՞ք գյուղապետը չի մասնակցել տների հանձնմանը՝ Սարդարյանը պատասխանել է․ «Մասնակցել ա, ու երբ ես ներկայացրեցի անօրինական ստացած մարդկանց ցուցակը, ինքը սկսեց ծիծաղելի արդարացումներ ներկայացնել»։
Epress.am-ը մեկնաբանություն է խնդրել Ծաղկահովիտի գյուղապետ Երվանդ Խաչատրյանից, ով ասել է, որ «Արայիկը շանտաժիստ է», և վերջինս Ծաղկահովիտում տուն ունի։ Այնուհետև Խաչատրյանն ասել է, որ ավելացնելու ոչինչ չունի և անջատել է հեռախոսը։
Նշենք, որ ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գյուղապետն ասել էր, որ Սարդարյանը բնակարանի կարիք ունի և ներառված է եղել ցուցակում, բայց 2013-ից հետո իրեն անհայտ պատճառով դուրս է մնացել դրանից։
Լուսանկարը՝ hy.wikipedia.org