Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ֊ական թեկնածուն Արդարադատության փոխնախարար, 34-ամյա Արման Թաթոյանն է (լուսանկարում՝ ձախից), գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Թերթի աղբյուրները հայտնում են, որ եվրոպական իրավունքի մասնագետ Թաթոյանի կենսագրությունը երեկ արդեն ուղարկվել է նախագահական նստավայր` Սերժ Սարգսյանին:
«ՀԺ»֊ի տեղեկություններով, ոչ իշխանական խորհրդարանական ուժերն իրենց հերթին բանակցում են Մարդու իրավունքների պաշտպանի միասնական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Միասնական թեկնածուն համարվում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ֊ական Հովհաննես Սահակյանը երեկ թերթին հայտնել է, որ փետրվարի 4-ին, ժամը 18։00-ի դրությամբ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար դիմումի 3 ձևաթուղթ է վերցվել։ Մեկը վերցրել են ՀՀԿ խմբակցությունից, մյուսը՝ ԲՀԿ֊ից և երրորդը վերցրել է ոչ մի խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ «ՀԺ»֊ն գրում է, որ Մարուքյանը դիմումը վերցրել է Փոստանջյանին առաջադրելու համար, իսկ ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում է առաջադրել իր՝ «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Ալոյանին։
Նշենք, որ Պետաիրավական հանձնաժողովը իրավունք ունի ընդամենը մեկ ՄԻՊ֊ի թեկնածու առաջարկել Ազգային ժողովին։ Հանձնաժողովի 12 անդամներից 6-ը ՀՀԿ֊ական են։
Լուսանկարը՝ armtimes.com