ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն առաջադրվել է որպես օմբուդսմենի թեկնածու, որովհետև այն մարդիկ, ովքեր կարող էին լինել օմբուդսմենի պաշտոնում, չեն ցանկացել մտնել այդ պայքարի մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ինքը՝ Փոստանջյանը։ Նա չի նշել, թե ով, իր կարծիքով, կարող էր հավակնել այդ պաշտոնին։
Գնահատելով իր հնարավորությունները օմբուդսմենի պաշտոնի համար պայքարում՝ Փոստանջյանն ասել է․ « Ես 9 տարի եղել եմ փաստաբան ու եղել եմ որոշում կայացնող, այլ ոչ թե կատարող։ Արման Թաթոյանի (ՀՀԿ֊ի կողմից առաջադրված օմբուդսմենի թեկնածու ֊ խմբ․) օմբուդսմենի գրասենյակում կատարած գործունեությանը տեղյակ չեմ, բայց նա, 3 տարի լինելով Արդարադատության նախարարի տեղակալ, եղել է պատասխանող կողմի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կողմի ներկայացուցիչը Եվրադատարանում։ Օրինակ, եթե խախտվել է ինչ֊որ մեկի հիմնարար ու բացառիկ իրավունքներից մեկը՝ չխոշտանգվելու իրավունքը, որը նախատեսված է Մարդու իրավունքների կոնվենցիայով, և քաղաքացին այս իրավունքի խախտման համար դիմում է Եվրոդատարան, հայկական կողմը սկսում է իրավունքի խախտման վերաբերյալ պատասխաններ տրամադրել Եվրադատարան։ Այսինքն՝ սկսում է հանդես գալ խոշտանգողի փաստաբանի դերում։ Մենք ունենք նաև քաղբանտարկյալներ, բայց ես չեմ լսել, որ մի օր Թաթոյանը այդ մասին հանրային դիրքորոշում հայտներ»։
Այն հարցին, թե քաղաքական որ ուժերն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը չի պատասխանել՝ հորդորելով սպասել մինչև փետրվարի 12-ը, երբ օմբուդսմենի թեկնածուների դիմումները կքննարկվեն։
Պատգամավորն անդրադարձել է նաև այն զրույցներին, թե նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վրա ճնշումներ են գործադրվել։
«Բնական եմ համարում, որ ՄԻՊ-ի նկատմամբ պետք է լինեն ճնշումներ, որովհետև մի պահ է գալիս, երբ պայմանավորվածությունները խախտվում են: Բայց դրանից չպետք է կաշկանդվի ՄԻՊ-ը, և իր առաքելությունը պետք է իրականացնի», ֊ ասել է Փոստանջյանը։
Նշենք, որ Օմբուդսմենի պաշտոնի համար Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջադրել է Արման Թաթոյանի թեկնածությունը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ Զարուհի Փոստանջյանի, իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր «Ալյանս» կուսակցության անդամ Նարեկ Ալոյանի թեկնածությունը: