Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում այսօր վաղ առավոտյան՝ ժամը 07:00-ի սահմաններում, հրազենային վնասվածքից մահացել են 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Այս մասին հայտնում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը։ Համաձայն ԼՂՀ ՊՆ֊ի, դեպքը տեղի է ունեցել արտակարգ պատահարի հետևանքով։ Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրության մեջ չեն նշվում։
Politik.am կայքը, իր հերթին, ԼՂՀ ՊՆ֊ի հաղորդագրության տարածման ժամից (16:05) ավելի վաղ գրել էր, որ Պռոշյան համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թեմուր Սլոյանը (ազգանունը տարբերվում է ԼՂՀ ՊՆ֊ի ներկայացրած տարբերակից֊խմբ․) վիճաբանել է սպաներից մեկի հետ, որի ընթացքում սպան հայհոյել է զինծառայողին: Սլոյանը սպանել է սպային և ինքնասպան եղել:
Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար Արթուր Մուրադյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի մանրամասներին տեղյակ չէ։
«Մենակ էն գիտեմ, որ առավոտյան զանգել, մորն ասել են, որ նման դեպք ա եղել: Հիմա Հայաստանում է միայն տղայի մայրը, էն էլ ահավոր վատ վիճակում ա», – ասել է Մուրադյանը:
Ըստ համայնքի ղեկավարի՝ երիտասարդը մոտ 7 ամիս առաջ էր զորակոչվել։
Հ․Գ․ Նյութի հրապարակումից ավելի ուշ ՀՀ Քննչական կոմիտեն տարածած հաղորդգարության մեջ հաստատել է Politik.am֊ում նշված վարկածը։ Գործի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանություն և ինքնասպանության հասցնելը հոդվածներով։