Ազգային ժողովն այսօր 96 կողմ, 7 դեմ և 4 անվավեր ձայների հարաբերակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան ընտրեց Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին։
Քվեարկությունն ընթացել է փակ և գաղտնի, որին մասնակցել է 107 պատգամավոր:
6 տարի ժամկետով ընտրված օմբուդսմենն իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն է․ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը ԱԺ֊ին ներկայացրել էր Թաթոյանի թեկնածությունը, քանի որ վերջինս հանձնաժողովում 7 ձայն էր ստացել, մինչդեռ նրա ընդդիմադիր մրցակիցը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ 5։
Թաթոյանն ընտրվելուց հետո ԱԺ ամբիոնից ընթերցել է իր երդման տեքստը և խոստացել անաչառորեն պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները: