Երկու տասնյակից ավելի պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել՝ կոչ անելով փոխել ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը՝ կալանավորումը։ Այս մասին հայտնում է Azatutyun.am-ը:
ՀՀԿ և «Դաշնակցություն» խմբակցությունները ստորագրահավաքին դեռ չեն միացել՝ պատճառաբանելով, որ դեպքը պետք է ուսումնասիրեն։
ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցել է, որ իրենք մտադիր չեն սպասել և պատրաստվում են դիմումը ուղարկել Վերաքննիչ դատարան։
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ Գասպարիի հարցով Էլինար Վարդանյանի հետ արդեն հանդիպել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանին, ինքը նաև դիմել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին։ Արզումանյանը Գասպարիին քաղաքական հետապնդման ենթարկելը «Սովետին բնորոշ երևույթ» է որակել: