Հայաստանում կանայք ստանում են 35․9 տոկոս պակաս աշխատավարձ, քան տղամարդիկ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գարիկ Հայրապետյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2015-2016 թթ. Հայաստանում իրականացրած՝ «Կանանց նկատմամբ խտրական դրսևորումների ախտորոշիչ ուսումնասիրություն» հետազոտության տվյալները։
Ըստ հետազոտության արդյունքների՝ ԵՄ երկրներում այդ ճեղքվածքը կազմում է 15,9 տոկոս։ Հայրապետյանն ընդգծել է, որ կանանց աշխատանքի սահմանափակումը Հայաստանի ՀՆԱ֊ին տարեկան մոտավորապես 50-60 միլիոն դոլարի վնաս է հասցնում։
«Կանայք կենտրոնացած են այն ոլորտներում, որտեղ աշխատավարձը միջին աշխատավարձից էլ ցածր է: Դրանք հիմնականում քիչ մրցունակ ոլորտներ են։ Կանայք հիմնականում աշխատում են գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի ոլորտներում։ Ֆինանսական ոլորտներում, որտեղ աշխատավարձերը բավականին բարձր են, ընդգրկված են հիմնականում տղամարդիկ»,- ասել է հանդիպման մեկ այլ մասնակից, փորձագետ Նվարդ Մանասյանը։
Վերջինիս դիտարկմամբ՝ թեև պետական կառույցներում 60 տոկոսը կանայք են աշխատում, սակայն նրանք զբաղեցնում են ստորին օղակների պաշտոններ։ Բարձր պաշտոններ զբաղեցնողների 90 տոկոսը տղամարդիկ են․ հիմնականում բաժինների, վարչության պետերի աշխատանքը բաժին է ընկնում հենց տղամարդկանց։
«Այսինքն, որոշումների կայացման մակարդակում կանայք ներկայացված չեն։ Կանայք հիմնականում ակտիվ են այն ոլորտներում, որտեղ ձեռնարկության ղեկավարը կին է», ֊ ասել է Մանասյանը։