Մարտի 17֊ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում մահացած զինծառայող, կրտսեր սերժանտ Հովհաննես Հարությունյանի գործով մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակիցներից մեկին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ղեպքի մասին տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումը ստացել էր զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
ՀՀ Քննչական կոմիտեի մարտի 22-ին տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշվում է, որ Հարությունյանի՝ գլխի հատվածում մահացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությամբ պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ. մարտական դիրքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի հետևանքով կոչումով շարքային զինծառայողը (անունը չի նշվում) Հարությունյանի վրա դիմահար կրակոց է արձակել։
Շարքայինին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (սպանություն, որը կատարվել է խուլիգանական դրդումներով)։ Զինվորն արդեն կալանավորված է։