«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ Կարեն Վարդանյանը դարձել է լուրջ հանցագործության զոհ։ Ցավոք, չեմ կարող բացառել, որ գործ ունենք հափշտակության դեպքի հետ, որը զուգորդվել է սպանությամբ»։ Epress.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի փորձագետ Կարեն Վարդանյանի անհետանալու փաստին, այս մասին ասել է նույն ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս հաղորդել է նաև, որ արդեն ինչ-որ նորություններ կան գործի հետ կապված, սակայն ինքը դեռևս չի ուզում խոսել այդ մասին՝ հետաքննությանը չվնասելու համար։
Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Իոաննիսյանը գրել էր, որ Վարդանյանը կորել է մարտի 17-ից։ Իոաննիսյանը կասկածներ էր հայտնել, որ Վարդանյանը խարդախության և թրաֆիքինգի զոհ է դարձել։
«Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռնում է Դուբայ։ Սակայն 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա․․․ Կարենին հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնում։ Սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի։ Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը։ Այդ հարևանը Կարենի ու իր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքանա սիրում, որ տունը ինձա նվիրել»», – գրել էր Իոաննիսյանը։
Նրա վկայությամբ՝ Վարդանյանը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար «պետք է փախներ երկրից»։ Իոաննիսյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում չուզենալով են վերցրել Վարդանյանի անհետանալու փաստի մասին իր հաղորդումը։