Home / Մարզեր / Վարկատուներն ու ձեռներեցը 100 միլիոնանոց պարտքը փաթաթել են Խաչիկ գյուղի վրա

Վարկատուներն ու ձեռներեցը 100 միլիոնանոց պարտքը փաթաթել են Խաչիկ գյուղի վրա

Վայոց ձորի Խաչիկ գյուղի գրեթե բոլոր բնակիչները միասին 100-ից 130 միլիոն դրամ պարտք ունեն վարկային կազմակերպություններին։ Նպատակային գյուղատնտեսական վարկը բնակիչների անունով վերցրել են գյուղի խանութի սեփականատերեր ամուսինները՝ Ալվարդ Իսկանդարյանը և Արսեն Մնացականյանը։ Բնակիչները պնդում են՝ «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունների մասնագետներն իմացել են, որ վարկը նպատակային չի օգտագործվելու և գյուղացիներն այն վերցնում են խանութպանների համար։

Ստեղծված իրավիճակը՝ վարկատուների, տեղական իշխանությունների և ձեռներեցի պայմանավորվածության արդյունք են։ Գյուղապետարանը բնակիչների ունեցվածքի մասին տեղեկանքներ է տրամադրել, խանութի սեփականատերը տեղեկանքներում չեղած գույք է ավելացրել, վարկային կազմակերպությունը չի հետևել նպատակային գումարի իրացման ընթացքին և աչք է փակել գույքի ու երաշխավորների մասին կեղծ տվյալների վրա։ Վարկերի ձևակերպումը և տրամադրումը հաճախ կազմակերպվել է հենց գյուղի խանութում և ոչ աշխատանքային ժամերին։

Այժմ սահմանամերձ գյուղի բնակիչները խոստովանում են, որ պատրաստ են ամեն ինչի՝ մայրաքաղաքում բողոքի ակցիաներից մինչև հանրապետական նշանակության ճանապարհներ փակելը։

խնդիրը

Մայրուղուց 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վայոց Ձորի բնակավայրերից կտրված Խաչիկի գյուղամեջը շաբաթ կեսօրից մարդաշատ էր։ Գյուղի գրեթե բոլոր բնակիչները ներգրավված են վարկային բուրգի մեջ, որը ստեղծել էին խանութի սեփականատերերը և վարկային կազմակերպությունները։ Վերջիններս 1 միլիոն դրամից սկսած վարկեր են տրամադրել գյուղի մոտ հարյուր բնակիչներին, մնացածը հաճախ առանց իմանալու ներգրավվել են որպես երաշխավորներ։

Վարկեր վերցնել բնակիչներին համոզել են խանութի սեփականատերերը, ինչը վերջիններս չեն հերքում։ Բնակիչների խոսքով՝ իրենց ունեցվածքի մասին տեղեկանքները հաճախ կեղծվել են․ իրենց անվան դիմաց Ալվարդ Իսկանդարյանը տեղեկանքներում գոյություն չունեցող անասուններ ու գյուք է ավելացրել, ինչին պատրաստակամորեն «հավատացել են» վարկային կազմակերպությունները։

Գյուղացիներին խաբեության մեջ ներքաշել են առանձին-առանձին, նրանք վերջերս են իմացել հարևանների ներգրավվածության մասին։ Վարկերի ընդհանուր գումարը խաբվածները հստակ չկարողացան նշել. նրանց խոսքով՝ այս պահի դրությամբ պարտքը կազմում է մոտավորապես 100-ից 130 միլիոն դրամ։ Բացի դա, խանութի սեփականատերերը մարդկանցից պարտքեր են վերցրել նաև առանց միջնորդների, և այդ գումարներն էլ չեն վերադարձնում։ Վարկերի մարումը նրանք դադարեցրել են անցյալ տարվա օգոստոսից, և այժմ շատերի գույքի և բյուջետային աշխատողների աշխատավարձերի վրա կալանք է դրվում։ Առանց վարձատրման են մնացել նաև տասնյակ բնակիչներ, ովքեր պայմանագրային սկզբունքով սահմանապահներ են։

մեղավորներ

Տուժածներն ասում են, որ մեղավոր են նպատակային վարկերն ուրիշի համար վերցնելու մեջ և պնդում, որ վարկային կազմակերպությունները պարտավոր էին չտրամադրել վարկեր՝ հստակ իմանալով, որ դրանք ուղղվելու են խանութի սեփականատիրոջը։ Նպատակային վարկի դեպքում վարկային կազմակերպության մասնագետը պարտավոր է ժամանակ առ ժամանակ գյուղ այցելել, տեսնել, թե ինչպես են օգտագործվել միջոցները։ Դա, սակայն, տեղի չի ունեցել։ Ավելին՝ երբ սկսվել են խնդիրները, վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները գյուղացիներից շատերին ստիպել են վերաձևակերպել վարկերը, երկարացնել դրանց ժամկետները։

Խանութի սեփականատերերը տարբեր կերպ են համոզել համագյուղացիներին իրենց համար վարկ վերցնել։ Մոտ 55-ամյա մի տղամարդ պատմեց, որ շատ են եղել դեպքերը, երբ մարդը խանութին պարտք է ունեցել ու չի կարողացել վճարել ամսվա վերջին, ամուսինները նրան առաջարկել են իրենց համար վարկ վերցնել, ինչից համագյուղացին չի կարողացել հրաժարվել։

տեղական իշխանությունները

Խաչիկի գյուղապետ Վարդան Ներսիսյանը նույնպես վարկ է վերցրել Մնացականյանի և Իսկանդարյանի համար։ Այժմ, սակայն, նա գյուղացիներին խորհուրդ չի տալիս Երևան գնալ ու կառավարության մոտ բողոքի ակցիա կազմակերպել։ Ակցիաներին դեմ են նաև մարզպետարանում։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են համոզել մարդկանց մայրաքաղաք չգնալ՝ նշելով, թե «դուք էլ եք մեղավոր» և «Կառավարության շենքի դիմաց ձեզ ոստիկանները կծեծեն»։ Մարդիկ փորձում էին ճշտել գյուղ եկած Epress.am-ի լրագրողներից ծեծի մասին սպառնալիքների իրականացման հավանականությունը․ «Հիմա եթե 100 հոգի հավաքենք, գնանք Երևան բողոքի, կսատկացնե՞ն»։ Իշխանությունները փորձում են ամեն ինչ գյուղի ներսում պահել, բայց, ինչպես նշում են խաչիկցիները, դա երկար տևել չի կարող, քանի որ իրավիճակը պայթյունավտանգ է, մարդիկ զրկվում են ապրելու միջոցներից։

գյուղի կապիտալիստները

Երբ Epress.am-ի լրագրողները ուղևորվեցին Ալվարդ Իսկանդարյանի տուն, տասնյակ մարդիկ շարժվեցին նույն ուղղությամբ։ Նրանք ընդգծում էին, որ ամուսինն «էդքան էլ մեղավոր չի» և ողջ գործընթացը կառավարել է կինը։ Վերջինս, սակայն, հրաժարվեց խոսել տեսախցիկի առջև՝ ասելով, որ վատառողջ է։ Ամուսինը հաստատեց այն ամենը, ինչ պատմել էին գյուղացիները, միայն թե նշեց, որ ինքը ոչ մեկին չի ստիպել, այլ խնդրել է վարկ վերցնել։ Նա ցանկանում է, որպեսզի իրենց հնարավորություն տան աշխատել ու «տարիների ընթացքում փակել պարտքերը»։ Ինչպես են փոշիացվել տասնյակ միլիոնավոր դրամները, նա, սակայն, չասաց, նշեց միայն, որ օգոստոսից «չեն կարողացել փակել»։ Համագյուղացիները պնդում են, որ խանութպանները շքեղ տներ են կառուցել գյուղից դուրս և վաղուց կարող էին լուծել խնդիրը՝ վաճառելով տներից մեկը։

Դատարաններ

Գյուղացիների մի մասը դատարան են դիմել՝ պահանջելով չեղյալ համարել վարկերը կեղծ փաստաթղթերի առկայության հիմքով։ Քրեական գործեր են հարուցվել մի շարք հոդվածներով, մասնավորապես, շորթում, հափշտակություն, ապօրինի ձեռնարկատիրություն, անօրինական գործողությունները սնանկության ընթացքում, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը։ Խաչիկցիների գույքն ու աշխատավարձներն էլ շարունակում են կալանքի տակ մնալ։ Մարդիկ չեն հավատում, որ դատարաններում գործը գլուխ կգա, և ցանկանում են, որպեսզի իրենց խնդիրը հանրային հնչեղություն ստանա։