Home / Տեսանյութեր / Դատարանը մերժել է ցմահ դատապարտյալի դիմումը․ նա շարունակելու է բողոքել

Դատարանը մերժել է ցմահ դատապարտյալի դիմումը․ նա շարունակելու է բողոքել

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է ցմահ ազատազրկված, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արդեն 20 տարի իր պատիժը կրող Արթուր Մկրտչյանի ներկայացրած բողոքի քննությունը:

Բանակում 5 ծառայակիցներին սպանելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանը բողոքարկում էր իր դեմ նշանակված վարչական երկու տույժերը (բանտում բջջային հեռախոս պահելու համար), որոնց պատճառով արդեն 5 տարի քրեակատարողական հիմնարկը չի քննարկում իր վաղաժամկետ ազատ արձակման դիմումը:

Վճիռը կարդալուց առաջ Արթուր Մկրտչյանն իր վերջին խոսքում ասել է, որ իր համար առաջնայինը խնդրի արդարացի լուծումն է և ոչ թե իր ազատ արձակումը․ «Ես մինչև կոկորդս կուշտ եմ անարդարությունից, ես ուզում եմ, որ արդար լուծում տրվի սրան, որովհետև մարդկանց իրենց հարազատների հետ շփվելու համար 5 տարի զրկել վաղաժամ ազատվելու հնարավորությունից աբսուրդ եմ համարում։ Սա միայն իմ համար չէ, որովհետև 3 ամսից ավարտվում է նկատողության գործողության ժամկետը, և ես կկարողանամ դիմել վաղաժամկետ ազատման համար, սակայն երևույթն ինքնին սխալ է»։

Արթուր Մկրտչյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք բողոքարկելու են որոշումը․ «Դատարանը պետք է գոնե նկատողություն տալու առաջին որոշումը անվավեր ճանաչեր, որովհետև դա անօրինական կերպով է իրականացվել»։